Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխելով երկրի քաղաքականությունը, հեռացնում է երկիրը Եվրոպայից: Հունական Kathimerini թերթի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն՝ փոխանցում է Ermenihaber-ը:
«Ներկայիս դիրքորոշումը Թուրքիային հեռացնում է ժողովրդավարության և կառավարման եվրոպական մոդելից»,- նշել է Դավութօղլուն:
Վերջինս քննադատելով Թուրքիայում գործող նախագահական համակարգը՝ նշել է, որ այն բացասաբար է ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա՝ շեշտելով, որ անձնական շփումները գերադասվել են երկարաժամկետ ռազմավարություններից:
«Եթե Էրդողանի հարաբերությունները Պուտինի հետ լավ են, ապա Ռուսաստանի հետ նույնպես լավ են: Նույն իրավիճակն էր նաև Թրամփի դեպքում»,-նշել է Դավութօղլուն:
Դավութօղլուն Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2014-2016 թվականներին: 2019-ին դուրս է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից և հիմնել ընդդիմադիր «Ապագա» կուսակցությունը։