Այսօր Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին ի պատասխան պարզաբանեց Boeing 737 օդանավի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունները:
Նրա խոսքով՝ օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ընկերությունը պաշտոնապես դիմել է Քաղավիացիայի կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալլին քաղաքից Ուկրաինայի «Գոստոմել» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա՝ կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը, ինչը, ըստ Ավինյանի, չի հակասում միջազգային ավիացիոն որևէ պահանջի: Նշված օդանավը, սակայն, խախտելով կոմիտեի կողմից նախապես տրամադրված թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, իրականացրել է թռիչք՝ ոչ իրեն նախապես տրված ուղղությամբ, այլ դեպի «Վառնո» օդանավակայան, այնուհետև՝ դեպի Շարժա, սակայն դեռևս չպարզված հանգամանքներում վայրէջք է կատարել Իրանի «Մեհրաբաթ» օդանավակայանում:
«Թռիչքի վերգետնյա սպասարկման, թռիչքի կազմակերպման և թույլտվությունների ստացման գործընթացի պատասխանատուն հանդիսանում է միայն շահագործող ավիաընկերությունը: Թե՛ օդաչուական անձնակազմի, թե՛ իրանական կողմի ավիացիոն իշխանությունների հավաստիացմամբ՝ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ: Ըստ նախնական տեղեկատվության՝ եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետի խոսքով՝ հենց այս պահին էլ բանակցություններ են ընթանում, որպեսզի այսօր օդանավը վերադառնա Երևան: