Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ։
Զրուցակիցները բարձր են գնահատել պատմական բարեկամության և բազմաթիվ մշակութային առնչությունների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, և ընդգծվել փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու այդ օրակարգի հետագա հարստացման և ամրապնդման ուղղությամբ։
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև ԵՄ շրջանակներում հաստատված համագործակցության շուրջ՝ այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը:
Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներ Այվազյանն ու Զախարիևան քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա: