Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետությունը» Ստամբուլում ստեղծել է հատուկ տրանսպորտային ծառայություն, որն ապահովում է ջիհադիստների մուտքը Սիրիա: Ծառայությունն օգնում է իսլամիստներին խուսափել հասարակական տրանսպորտում հայտնաբերվելուց, և ուղևորությունները ներկայացվում են որպես այցելություններ սահմանային շրջանների տեսարժան վայրեր կամ աշխատանքի որոնում՝ տեղեկացնում է nordicmonitor-ը:
Nordic Monitor-ի ձեռք բերած դատական փաստաթղթերի համաձայն՝ Չինաստանից, Ռուսաստանից, Հյուսիսային Աֆրիկայից և Կենտրոնական Ասիայից բերման ենթարկված ԴԱԻՇ-ի ջիհադիստները դատարանում կեղծ վկայություններ են տվել, որ իրենք Թուրքիայի սահմանամերձ նահանգներ են մեկնել տեսարժան վայրեր այցելելու կամ աշխատանք փնտրելու համար: Ամենայն հավանականությամբ, դրանք նախապես պատրաստված պատմություններ են, որոնք պետք է ներկայացվեին իշխանություններին:
Փաստաթղթերից պարզ է դարձել, թե ինչպես է ԴԱԻՇ-ը ֆինանսավորել Ստամբուլից զինյալների ճանապարհորդությունները, վարձու վարորդներով նրանց հասցրել սահմանային շրջաններ: Այս գործը բացահայտում է նաև պտտվող դռների քաղաքականությունը, որը նախագահ Էրդողանը կիրառեց, երբ գործը հասավ ջիհադիստների նկատմամբ ճնշումներին: Շատ դեպքերում նրանց ազատ են արձակել կարճ ժամանակով ձերբակալելուց հետո կամ նրանց նկատմամբ սահմանել են թեթև պատիժներ:
Սակայն, ըստ փաստաթղթերի, օտարերկրյա զինյալները ոչ միայն հակասել են միմյանց իրենց հայտարարություններով, այլև նրանց ցուցմունքները չեն համընկնել թուրք վարորդների ներկայացրած վկայությունների հետ, որոնց վճարել էին ջիհադիստներին սահմանային շրջաններ տեղափոխելու համար: Այնտեղից էլ նրանք պետք է անցնեին Սիրիա:
Ջիհադիստների մեջ մեծ քանակ են կազմել Չինաստանում բնակվող և թուրքերին ազգակից ույղուրները: