Տրակտոր, բուլդոզեր, էքսկավատոր, անգամ աղբի մեքենա. Լոռու մարզի 9 խոշորացված համայնքների ավտոպարկերը նախորդ տարի մեկը մյուսի հետևից համալրվեցին նոր մեքենաներով:
Միջոցները տրամադրվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի կողմից:
Արայիկ Ներսիսյան (Լոռի Բերդ համայնքի ղեկավար) - Էսօրվա դրությամբ, շնորհիվ այդ տեխնիկայի, մենք գյուղերում արդեն կրկնակի ավելացրել ենք մշակովի հողերի տարածքները:
Թարմացված ավտոպարկը ոչ միայն համայնքների գյուղատնտեսական առօրյայում նոր աշխուժություն բերեց, այլև համայնքի բյուջեի վրա ազդեց: Բնակիչներին մատուցած վճարովի ծառայութուններից հավաքված գումարը բնակիչների համար է ծախսելու՝ սուբվենցիոն ծրագրերով կենսական խնդիրներ լուծելով:
Արայիկ Ներսիսյան - 2020 թվականի ընթացքում կարողացել ենք 28 մլն շահույթ ապահովել:
Գյուլագարակ համայնքում ավտոպարկը համալրելիս նաև համայնքի առօրյա խնդիրներն են հաշվի առել: Ճանապարհների անցանելիության հարցը հիմա սեփական ուժերով են լուծում:
Վրույր Այվազյան (Գյուլագարակ համայնքի ղեկավարի խորհրդական) - Ինչպես էր այն ժամանակ. եթե մեզ պետք էր ինչ-որ փողոց հարթեցնել, դրա համար պիտի նախագիծ արվեր, դա անցներ մրցութային փուլով, շինարարը գար, հարթեցներ: Իմ ասածը անելը կտևեր մոտ ութ ամիս, հիմա այս տարբերակով այս խնդիրը չկա: Բնակիչը պահանջե՞ց փողոցը վերանորոգել, մաքսիմում մեկ շաբաթում խնդիրը լուծվեց:
Օձունում ևս ճանապարհների հարցը նույն կերպ են լուծել, հիմա ավելի առաջ են նայում: Գարնան գալուն պես ավտոպարկից կհանեն տեխնիկան ու կանցնեն ոռոգման ցանցի նորոգմանը:
Արմինե Միքայելյան (Օձուն համայնքի ղեկավարի տեղակալ) - Նախկինում եղած ոռոգման համակարգերը մեր տեխնիկայի և մեր միջոցներով նորոգել: Գիտենք, որ ոռոգման նոր համակարգերի տեղադրումը մեծ միջոցների հետ է կապված, փորձելու ենք մեր միջոցներով նորոգել:
Համայնքի եկամուտներն ավելացնել, իսկ ծախսերը նվազեցնել. ծրագրի նպատակն ի սկզբանե սա է եղել, արդյունքն արդեն երևում է:
Արթուր Սողոմոնյան (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն) - Ծրագիրը միտված է համայնքների կարողությունների զարգացմանը, ամենամեծ նպատակը՝ որ համայնքները սեփական ուժերով բացահայտեն և լուծեն խնդիրները: Այս իմաստով ծրագրի իրականացման արդյունքը պետք է լինի՝ կա՛մ համայնքի եկամուտը ավելանա, կա՛մ ծախսերը նվազեն:
Այս ծրագրի շրջանակում Հայաստանի խոշորացված համայնքներն արդեն ստացել են ավելի քան 4 մլրդ դրամի տեխնիկա, իրականացրել են նաև 200 ենթածրագիր: