Թե ինչ պետք է անել գիտությունը զարգացնելու համար՝ կորոշեն գիտնականները, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը պարզապես կարգավորելու է իրավական և կարգավիճակին առնչվող հարաբերությունները: Այդ մասին «Լուրերի» հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Օրենքը չի կարող գիտական պրոդուկտ ստեղծել, այլ կօգնի տեղական և արտերկրի գիտական կենտրոնների միջև հարաբերությունների ձևավորմանը, գիտնականների համար ավելի բարենպաստ պայմաններ կապահովի՝ զբաղվելու իրենց առաքելությամբ, ստեղծելու գիտական արդյունքներ՝ ի շահ մեր երկրի, գիտության, տնտեսության, բուհ-գիտություն կապի զարգացման»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ գիտության ոլորտի ֆինանսավորման կրճատումը, իհարկե, չի կարող նպաստել ոլորտի զարգացմանը: «Այն, որ գիտության ոլորտին տրամադրվող գումարները բավարար չեն, կարիք կա ավելացնելու, կասկած չկա, ամբողջ խնդիրն այն է, որ մենք՝ Կառավարությունը, ԱԺ-ն, գանք համաձայնության այդ հարցի շուրջ»,- ընդգծեց Դումանյանը:
Նախարարը վստահ է, որ գիտությունը միշտ պետք է լինի, և այդ գաղափարին չպետք է հանգեինք պատերազմից հետո միայն: Ըստ նրա՝ գիտության զարգացումը կապված չէ պատերազմի հետ: «Եթե ուզում ենք լինել առաջ գնացող պետություն, առանց գիտության և բարձրագույն կրթության, դա հնարավոր չէ»,- ասաց նա:
Նշենք՝ ԱԺ-ում այսօր քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: