Երևանում պատմության մեջ այդքան աղբաման չի եղել, որքան այսօր: Այդ մասին ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով քաղաքի մաքրության պահպանման մասին:
Նա նշեց, որ Լեոյի փողոցից տեսաձայնագրություններ ունեն, որոնք շուտով հրապարակելու են, թե ինչպես են մարդիկ «կոստյումներով, կիրթ դեմքով աղբը գցում գետնին և շարունակում իրենց ճանապարհը, մինչդեռ այդտեղից 15 մետր այն կողմ կա չորս մեծ աղբաման»:
«Ֆիքսել էինք, որ ամեն առավոտ այդ տարածքում աղբ է հայտնվում, տեսախցիկ դրեցինք և պարզեցինք, որ հրաշք չկա, մարդիկ են նետում աղբը: Մենք ամեն օր մաքրում ենք, իրենք ամեն օր գցում են, 3 ամսվա ձայնագրություն ունենք, բայց չգիտենք՝ ինչ ենք անելու դրանց հետ»,- հայտնեց քաղաքապետը:
Նրա խոսքով՝ լուծումը կա՝ տուգանքներ սահմանել, բայց, ըստ նրա, երբ տուգանքների մասին ես խոսում, մարդիկ դեմ են, չեն ուզում տուգանվել, սակայն չեն էլ ուզում 20 մետր քայլել և աղբը նետել աղբամանը: «Չէի ուզի մարդկանց տուգանել, բայց այլ լուծում չգիտեմ, այլ երկրներում տուգանքով են հասել մաքրության»,- ընդգծեց Մարությանը: