Գյումրիի մոր և մանկան առողջության կենտրոնում աշխույժ իրարանցում էր: Ռուսաստանից մեր հայրենակից բժիշկները եկել են՝ մասնագետներին վերապատրաստելու, որպեսզի կարողանան հղիության վաղ փուլում ախտորոշել պտղի առողջական որոշ խնդիրներ:
Կարինե Օթարյան, «Վիվա» բարեգործական կազմակերպության բժիշկ-փորձագետ - Երկու տարի առաջ մենք որոշեցինք Հայաստանում զբաղվել պրենատալ, այսինքն նախածննդյան ախտորոշման հարցով: Հղին պետք է ունենա էֆեկտիվ օգնություն հղիության ընթացքում, մեր նպատակը վաղ պաթոլոգիան ախտորոշելն է՝ հանուն մոր և մանկան:
Վերապատրաստող բժիշկները «Վիվա» բարեգործական կազմակերպության հիմնադիրներն ու անդամներն են: Գյումրիից արդեն երկու բժիշկ էլ ընտրել են, որ մարտին տանեն Ռուսաստան՝ երկարատև դասընթացների: Հերթը դեռ մյուս մարզերի մասնագետներին էլ կհասնի:
Կազմակերպությունը ստեղծվել է Ռուսաստանի մեր հայրենակիցների՝ հիմնականում մասնագիտությամբ բժիշկների կողմից՝ 2016 թվականին: Նպատակը Հայաստանի առողջապահական համակարգին աջակցելն է՝ հատկապես կադրերի վերապատրաստման հարցում:
Տատյանա Հովհաննիսյան, «Վիվա» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ - Մարզերում այդքան շատ չեն նեղ մասնագետները, դրա համար մեր առաջին հարցը մասնագետներին, օրինակ, նույն Գյումրիի, տանելն է Մոսկվա: Իրենք սովորում են, ստանում են արտոնագիր ու դրանով հետ են գալիս, հետո սկսում են այստեղ հետազոտել հղիներին:
Պատերազմի օրերին էլ այս բժիշկներն Արցախում, Հայաստանում աջակցում էին ինչով կարող էին, բայց միայն պատերազմը չի նրանց դրդել առողջ սերունդ ունենալու ծրագրի իրականացմանը: Այն դեռ 2019-ին էին մշակել:
Տատյանա Հովհաննիսյան - Դրա կարևոր մասն այն է, որ բժիշկները մարզերից պիտի գան Մոսկվա, նստեն մեր բժշկի կողքն ու սովորեն ամեն ինչ ճիշտ անել:
Հղիության շատ վաղ շրջանում դաունի համախտանիշից մինչև սրտի արատներ ախտորոշելով՝ այս մասնագետները չեն բավարարվելու: Երեխայի բազմաթիվ առողջական խնդիրներ աշխարհում արդեն հնարավոր է լուծել մոր արգանդում: Այն դեպքերում, երբ ախտորոշումից բացի ոչինչ անել հնարավոր չլինի, հիմնադրամն ու նրա մասնագետները կաջակցեն ընտանիքին՝ երեխայի ծնվելուց հետո թե՛ բուժման, թե՛ անհրաժեշտության դեպքում՝ վիրահատության հարցում: Լավագույն մասնագետների աջակցությունն են խոստանում Ռուսաստանում և այլ երկրներում:
Կարինե Օթարյան - Շատ անգամ մեր ախտորոշումը ու այն ամենը, ինչով մենք զբաղվում ենք, շատերի մոտ տպավորություն է ստեղծում, որ արվում է հղիությունն ընդհատելու համար: Ուզում եմ նորից կրկնել՝ դրանք իրար հետ կապված բաներ չեն: Մեր գործի իմաստը պաթոլոգիայի ժամանակին ճշտելն է: Մեր խնդիրն է, անկախ նրանից, ընտանիքը կորոշի ընդհատել հղիությունը, թե շարունակել, մենք այդ բոլոր փուլերում պետք է լինենք կնոջ և նրա ընտանիքի կողքին կանգնած:
Բոլոր մարզերում հղի կանանց սքրինինգային հետազոտությունների ծախսերը նույնպես կազմակերպությունը կվերցնի իր վրա: «Վիվա»-ի նպատակն է Հայաստանի բոլոր մարզերում ունենալ ժամանակի պահանջները բավարարող մասնագետներ: Եվ որպեսզի նրանց վերապատրաստումները միայն Ռուսաստանում չիրականացվեն, կապ են հաստատում աշխարհի տարբեր երկրների հայ բժիշկների հետ: Ստեղծվում է մեկ ընդհանուր հարթակ, որ աշխարհի լավագույն փորձը հնարավոր լինի փոխանցել Հայաստանում աշխատող բժիշկներին: