7.5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, 14.7 տոկոս անկում գրանցած ծառայության ոլորտ, 14 տոկոս կրճատված առևտրաշրջանառություն, 9.5 տոկոս նվազած շինարարության ծավալ: Սրանք 2020-ի տնտեսական ամփոփումից տվյալներ են: Արտակարգ դրության հայտարարումը, լոքդաունը, կարանտինն ու ռազմական դրությունը մեծագույն տնտեսական շոկեր էին Հայաստանի համար՝ հայտարարում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Արկադի Խաչատրյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր - Ցուցանիշների համաձայն՝ անցած տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմեց ընդամենը 300 մլն դրամ, որը նույնիսկ նախորդ տարվա համեմատ 1 տոկոսը չէր կազմում: Հիմա, հետպատերազմյան շրջանում, ներքին քաղաքական ճգնաժամը, բարոյահոգեբանական իրավիճակը ռիսկեր են առաջացնում ներդրումների համար: Որքան արագ հաղթահարենք այս ամենը, ռիսկերն ու անորոշությունները հաղթահարենք, որպեսզի ավելի կանխատեսելի դարձրնենք ներդրողների համար:
2021-ը դժվար տարի է լինելու՝ կանխատեսում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Տնտեսությունը նորից կսկսի զարգանալ, ներդրումները կավելանան այն պարագայում, երբ կառավարումն արդյունավետ դառնա՝ վստահ է տնտեսագետը: Հայաստանը տնտեսության առումով վերադարձել է 2019 թվական՝ հենց այդ տարի գրանցվեց 7.3 տոկոս տնտեսական աճ: 2020-ին թիվը նվազեց 7.5 տոկոսով՝ նշանակում է վերադարձել է 19-ի հունվարը: Տնտեսագետը թվային մեկ այլ տվյալ է ներկայացնում:
Վահագն Խաչատրյան, տնտեսագետ - Խոսքը վերաբերվում է ավանդներին: Նոյեմբեր ամսին եղել է 3 տրիլիոն 495 մլրդ, դեկտեմբերին՝ 3 տրլն 709 մլրդ, այսինքն՝ 253 մլրդ-ով մեր ավանդներն ավելացել են: Տարվա սկզբին եղել ՝ 3 տրլն 565 մլրդ: Սա լավագույն ցուցանիշներից մեկն է, և մեր քաղաքացիները վստահում են իշխանություններին ու ֆինանսական համակարգերին:
«Իմ քայլից» պատգամավոր Արտակ Մանուկյանն այլ թվեր է ներկայացնում, որոնք եվրոպարտատոմսերին են վերաբերում:
Արտակ Մանուկյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Եթե դուք դիտարկեք եվրոպարտատոմսերի թողարկումը, որը 750 մլն դոլարի տեղաբաշխում է, եթե նախորդ 2019-ի սեպտեմբերին 500 մլն դոլարի տեղաբաշխում էր՝ 4.2 տոկոս եկամտաբերությամբ, ապա 2021-ի համար ներգրավել ավելի մեծ տեղաբաշման պարագայում արդեն խոսում է արտաքին ներդրումների տեսանկյունից: Նրանք տեսնում են, որ ֆունդամենտալ առումով Հայաստանի տնտեսական հեռանկարները բավականաչափ վստահելի են:
Անորոշություններ կան և՛ Հայաստանում, և՛ անգամ աշխարհում՝ ասում է Արտակ Մանուկյանը, բայց ժամանակն է միահամուռ աշխատել տնտեսական վերածննդի տեսլականի վրա:
Արտակ Մանուկյան - Տրամադրվածությունը բավականաչափ մեծ նշանակություն ունի և վերածննդի տեսլականի առումով՝ մենք բոլորս աշխատելու և անելու քայլեր ունենք:
Տնտեսագետն Վահագն Խաչատրյանն էլ համոզված է՝ անորոշությունները հնարավոր է մեղմել, եթե խոսել ոչ թե էմոցիաներով, այլ թվերով: