Կորոնավիրուսի համավարակի արդյունքում 2020 թվականի ընթացքում աշխարհում առնվազն 50 տոկոսով ավելացել են թվային ծառայությունները՝ հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ այսօր հրավիրած ասուլիսում: Մուրադյանի խոսքով՝ այս առումով բացառություն չեն նաեւ հայաստանյան հարկային ու մաքսային կառույցները, որոնցում 2020-ին նոր առցանց ծրագրեր են ներդրվել:
«ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ շփումը 100 տոկոսով իրականացնում էր միայն էլեկտրոնային տարբերակով, նկատի ունեմ հաշվետվությունների, հաշվարկների ներկայացումը, թվային փաստաթղթերի, ՀԴՄ կտրոնների հետ կապված հարցերը։ Բայց, այնուամենայնիվ, կան որոշակի գործառույթներ, օրինակ՝ եկամտահարկի` բանկում վճարած տոկոսների չափով հետ ստանալու գործողությունը, որտեղ դեռևս կան թղթային դիմում ներկայացնելու ինչ-որ պահեր»,- ներկայացրեց Մուրադյանը։
Նա հայտնեց, որ ՊԵԿ-ը համավարակի ժամանակ դա էլ փորձեց տեղափոխել էլեկտրոնային հարթակ. «Իսկ հիմա ավելի մեծ ծրագիր ենք նախաձեռնել, որ ամբողջությամբ այդ պրոցեսը թվայնացնենք` սկսած բանկից մինչև հաշվեհամարին գումարը հետ ստանալու պրոցեսը»:
Մուրադյանի խոսքով՝ այս բարեփոխումներից հետո քաղաքացին այլևս կարիք չի ունենա ո՛չ բանկ, ո՛չ ՊԵԿ, ո՛չ էլ ֆինանսների նախարարություն այցելելու։