Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի է ունեցել «Պիտի՛ հիշենք՝ ապրելու համար» խորագիրը կրող միջոցառում, որը նվիրված էր Արցախյան երրորդ պատերազմում նահատակված վայոցձորցի քաջորդիներին և վայոցձորյան մերօրյա հերոսներին։
Բացման խոսքով հանդես է եկել մարզային գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը: Միջոցառումը սկսվել է Հայաստանի Հանրապետության օրհներգով, այնուհետև կատարվել է մոմավառություն՝ ի հիշատակ վայոցձորցի նահատակների: Անուն առ անուն ներկայացվել են հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիները: Տեսահոլովակներով ներկայացվել են պատերազմի ընթացքում վիրավորում ստացած վայոցձորցի մերօրյա հերոսների սրտի խոսքն ու խաղաղության համար բարեմաղթանքները:
Մասնակիցների ելույթները համեմված էին հիշատակի, խոնարհումի, զորակցության և լավատեսության խոսքերով, որոնք մեզ պատգամում են՝ ապրել՝ ապրեցնելով: Իսկ միջոցառման ավարտն ազդարարող դհոլի բարձր հնչյունները հաստատել են, որ երբեք չի լռելու հայ մանուկի նվագարանը և ոչ մի ուժ կարող խլացնել հայ ազատագրական երգի հնչյունները կամ կոտրել հայ զինվորի ու կամավորի ազատատենչ ոգին:
Միջոցառման ավարտին պատերազմում նահատակվածներին ուղղված խոնարհումի խոսքեր է ասել ու Հայոց բանակին զորություն ու նորանոր հաղթանակներ մաղթել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել նաև կազմակերպիչներին: