Տեխզննման կտրոն այլևս չի լինի, փոխարենը տեխզննում անցնելուց խուսափել այսուհետև չի ստացվի: Ստուգումն անցնելուց հետո տեխզննման կայանը մեքենայի տվյալներն ու զննության արդյունքները կմուտքագրի էլեկտրոնային շտեմարան: Հսկողությունը վերապահված է ճանապարհային ոստիկանությանը: Տեխզննում չանցնելու դեպքում վարչական պատասխանատվությունը 20 հազար դրամ է:
Արման Կարապետյան, ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ - Պարբերականությունն ամբողջապես փոխել ենք, այսինքն՝ մինչև 4 տարեկան մեքենաները տեխզննության չեն ենթարկվի, 4-ից մինչև 10 տարին տեխզննության կներկայանան 2 տարին մեկ պարբերականությամբ, իսկ 10 տարուց հին մեքենաներն ամեն տարի:
Խոսքը, սակայն, ընդհանուր օգտագործման տրանսպորտին չի վերաբերում: Եթե տաքսի եք վարում, ավտոբուս կամ վտանգավոր բեռ տեղափոխող մեքենա, 4-ից 10-ը տարեկան ավտոները զննություն կանցնեն ամեն տարի, ավելի տարեցները՝ 6 ամիսը մեկ: Տեխնիկական զննությունը, ինչպես վստահեցնում են մասնագետները, կանխարգելիչ բնույթ ունի: Ոլորտի բացերը ստիպել են կատարելագործել զննության ձևն ու կարգը՝ հետևելով միջազգային փորձին:
Արման Կարապետյան - Արդեն 2-րդ փուլում, երբ որ կսկսվեն լրամշակվել ենթաօրենսդրական ակտերը, այդ ժամանակ փոփոխության կենթարկվի նաև տեխզննության անցկացման համար պարտադիր պահանջները՝ այն չափորոշիչները, որոնք հիմա գործում են, դրանք ևս կփոփոխվեն, նաև կհստակեցվի այն թերությունների և անսարքությունների ցանկը, որի դեպքում մի դեպքում ընդհանրապես կարգելվի մեքենայի շահագործումը, իսկ մնացած դեպքերում՝ պարտավոր կլինեն շահագործելուց թերությունները վերացնել:
Թերությունների մասին. եթե տեխզննման ժամանակ անսարքություններ են հայտնաբերվել, անհրաժեշտ է 20-օրյա ժամկետում շտկել դրանք: Այդ դեպքում կրկնակի զննության համար հավելյալ գումար չի գանձվի: Վճարները հնարավոր կլինի մի քանի տարբերակով իրականացնել՝ հարցը դեռ քննարկման փուլում է: Փոփոխություններին զուգահեռ՝ տեխզննման վճարը կմնա անփոփոխ: Օրինակ, թեթև մարդատար մեքենայի տեխզննման արժեքը 5500 դրամ է:
Արման Կարապետյան - Եթե ամեն ինչ լավ լիներ, այս փոփոխությունների անհրաժեշտությունը չէր լինի:
Խոշորացույցի տակ կլինեն նաև տեխզննման կայանները: Փոփոխություններից հետո ծրագիրը հստակ կֆիքսի՝ մեկ մեքենան քանի րոպեում անցավ զննությունը, բարձրացավ արդյոք արգելակման ստենդի վրա: Մասնագետների հավաստմամբ՝ այսպիսով կստեղծվեն անվտանգության երաշխիքներ:
Տիգրան Քոչարյան, ավտոտեխզննության կենտրոնի տնօրեն - Տալիս է հիմք, որ տեխզննությունը, որպես այդպիսին, կկատարվի ավելի հստակ, իր նպատակին կծառայի և տեխզննությունը հստակ կկատարվի բոլոր տրանսպորտային միջոցների համար, ի տարբերություն ներկայիս իրավիճակի, երբ մոտավոր տվյալներով շահագործվող մեքենաների գրեթե կեսը չեն ներկայանում տեխզննության կայան:
Բանկից միայն կտրոն գնել ու չայցելել տեխզննման կայան. այսօր այդքանն էլ բավարար է չտուգանվելու համար: Փոփոխությունները միանշանակ դրական են լինելու՝ վստահ է տեխզննման կայանի տնօրենը:
Արդյունքները տեսանելի կլինեն միայն օրենքի կիրառումից հետո, իսկ օրենքի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն միայն օրենքի ընդունման պահից 6 ամիս հետո: Դա նշանակում է, որ մինչև 2021-ի հուլիսը գործում է հին կարգը և կտրոնով տեխզննման կայան այցելելը դեռ պարտադիր է: