Մարիամի աշխույժ քայլերն ու ժպիտը նորից հաստատում են՝ փոքրիկը բուժվելու համար չի եկել հիվանդանոց: Հիվանդությունից 7 ամիս անց Մարիամը դարձյալ այստեղ է սիրելի բժշկուհուն տեսնելու և պարզապես հերթական զննությունն անցնելու համար: Կորոնավիրուսից հետո 3-ամյա փոքրիկի մոտ բարդություններ էին առաջացել, պարզվել էր՝ կավասակիի համախտանիշ է:
Սյուզաննա Սարգսյան («Սուրբ Աստվածամայր» ԲԿ մանկաբույժ) - Ծանր վիճակում էր, երեխան կոնտակտի մեջ մտնում էր շատ դժվարությամբ:
Մարիամի մայրը նույնիսկ չէր լսել կավասակի հիվանդության մասին, հիմա էլ լսել չի ուզում: Թե երեխան ինչպե՛ս էր կորոնավիրուս տարել՝ չէին էլ իմացել, իսկ ահա վիրուսի հետևանքով առաջացած այդ բարդությունը Մարիամին ծանր վիճակում հիվանդանոց էր հասցրել:
Մարիաննա Հարությունյան - Մարիամիկին շատ ծանր վիճակում բերեցինք էստեղ, այտուցներով, ցանավորված սարսափելի, ու բժշկուհին հասկացավ ինչ է: Ապրումներս շատ վատն են եղել, շատ շնորհակալ եմ մեր բժշկուհուց:
Հիվանդանոցային 10 օրվա բուժումը փոքրիկին դուրս է բերել ծանր վիճակից: Դրանից հետո բուժումը տանն է շարունակվել: Կավասակին կամ կորոնավիրուսի հետևանքով առաջացած կավասակիանման հիվանդությունը հանդիպում է երեխաների մոտ: Բորբոքում է մանր ու միջին անոթները, երբեմն, եթե բարդանում է, ախտահարվում է նաև սիրտը:
Սյուզաննա Սարգսյան - Այս երեխայի դեպքում մենք անընդհատ հսկում էինք սրտաբանի կողմից և սրտային ոչ մի պաթոլոգիա չունեցանք, քանի որ ավելի շուտ ներարկվեց ներերակային «Օկտագամա»:
Ծանր ընթացքով կավասակին մեծացրել է փոքրիկ Մարիամի ընկերների ցանկը. նրա նոր ընկերը «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի բժիշկ Սյուզաննա Սարգսյանն է: Բժշկուհու հեռախոսն էլ Մարիամի դուրս գրվելուց սիրո խոստովանությունների մեծ փոստի է վերածվել: Ձայնային հաղորդագրությունները գալիս են ու գալիս: