Վաշինգտոնում Կապիտոլիումի վրա կատարված հարձակումից հետո Միացյալ Նահանգները հայտնվեց երկրների «Քաոս» կոչվող ակումբում՝ հայտնում է AGENCE FRANCE-PRESSE-ը:
Ակումբում ներառված են այն երկրները, որտեղ ցուցարարները խառնաշփոթ իրավիճակ են ստեղծել՝ ներխուժելով պետական մարմինների շենքեր: Այդ երկրների ցանկում են նաև՝
Հայաստան: Այստեղ հարյուրավոր ցուցարարներ, զայրացած Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ վեց շաբաթ տևած պատերազմից հետո կնքված հրադադարի հայտարարությունից, նոյեմբերի 10-ին մտան խորհրդարան: Ոստիկանության հետ ծեծկռտուք սկսվեց, երբ նրանք ամբիոն բարձրացան և պատգամավորներից պահանջեցին հրաժարական տալ:
«Իշխանություններն ավելի ուշ հայտնեցին, որ հաջողվել է խափանել խաղաղության գործարքը ստորագրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության դավադրությունը և ձերբակալել ընդդիմության առաջնորդ, Անվտանգության ծառայությունների նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին»,- գրում է աղբյուրը:
Գվատեմալան, որտեղ հակակառավարական ցույցի մասնակիցները նոյեմբերի 21-ին հրկիզեցին երկրի Կոնգրեսի շենքի մի մասը: Ներխուժումը տևեց 10 րոպե: Ցուցարարները պահանջում էին դադարեցնել առողջապահության և կրթության ոլորտի ծախսերի կրճատումները, նախագահ Ալեխանդրո Ջիամատեին էլ կոչ էին անում հրաժարական տալ:
Ղրղըզստան: Ցուցարարներն այստեղ ներխուժեցին Բիշքեկի խորհրդարան և թղթեր նետեցին այն ժամանակվա նախագահ Սուրոնբայ Ժեենբեկովի աշխատասենյակի պատուհաններից: Նրանք զայրացած էին հոկտեմբերի 4-ին կայացած ընտրություններում քվեները կեղծելու համար:
Մալի: Այստեղ մեկ մարդ մահացավ, ևս 20-ը վիրավորվեց, երբ հուլիսի 10-ին Արևմտյան Աֆրիկայի այս երկրի ազգային ժողովն ու կառավարական այլ շենքեր հարձակման ենթարկվեցին այն ժամանակվա նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյտայի դեմ ուղղված մեծ ցույցից հետո: Հեղաշրջման արդյունքում նրա իշխանությունը մեկ ամիս անց տապալվեց:
Լիբանան: Հազարավոր ցուցարարներ զայրացած օգոստոսին տեղի ունեցած աղետալի պայթյունից, որն ավերեց Բեյրութի կենտրոնի մեծ մասը, բողոքի ցույցեր անցկացրին, խորհրդարանի դիմաց գրանցվեց բախում ոստիկանության հետ: Տասնյակ մարդիկ գրոհեցին նախարարություններն ու երկրի բանկային ասոցիացիայի շտաբ-կայանը:
Գերմանիա: Դիմակների դեմ բողոքող ցուցարարները օգոստոսի 29-ին փորձեցին բռնի ուժով մուտք գործել Բունդեսթագի շենք, ինչը ոստիկաններին հաջողվեց կանխել: Covid-19-ի սահմանափակումների դեմ երթին մասնակցում էր 38,000 մարդ:
Սերբիա: Հուլիսի 10-ին էլ Բելգրադում դիմակների, զանգվածային հավաքների արգելքի դեմ անցկացված ցույցերը դարձյալ ավարտվեցին ոստիկանության հետ բախումներով, փորձ արվեց ներխուժել խորհրդարան՝ ոստիկաններին հարվածելով քարերով, շշերով և բռնկվող իրերով: