10000-ից ավելի քաղաքացի, 1000-ից ավելի զինծառայող: Պատերազմի ընթացքում ու մինչև այսօր այսքան մարդու հետ աշխատել են Հայկական Կարմիր խաչի մասնագետները՝ փորձելով ցուցաբերել առաջնային հոգեբանական օգնություն: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի սոցիալ-հոգեբանական կենտրոնի համակարգող Արմիդա Զախարյանն ասում է՝ պատերազմի վերքերը սկզբում շատ խորն են լինում:
Որպեսզի հոգեբանները կարողանան ավելի արդյունավետ աշխատել, «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական հարցերի պատասխանատուներն իրականացնում են կարիքների գնահատում: Ուսումնասիրության արդյունքները տրամադրվում են Կարմիր խաչի գրասենյակին՝ խնդրին մասնագիտորեն մոտենալու համար:
Ի՞նչ կարող է տալ հոգեբանը մարդուն, երբ ամենամոտ հարազատը զոհվել է պատերազմի դաշտում, հայտնվել գերության մեջ կամ անհետ կորած է: Արմիդա Զախարյանն ասում է՝ այդպիսի ծանր վիճակում ամենակարևորը ապրումակցումն է:
Ամեն օր տեսնել ու կիսել ուրիշի ցավն ու տառապանքը, օգնել հոգեբանական կարիք ունեցող հայրենակիցներին, ճանապարհ հարթել՝ առաջ քայլելու համար: Այս առաքելությունն իրականացնելիս հոգեբանները հաճախ իրենք են կորցնում սթրեսակայունությունը:
Հոգեբանները համարում են, որ պատերազմի ժամանակ ու անմիջապես հետո առավել կարևոր է լինել տուժածների ու նրանց հարազատների կողքին, որպեսզի վիշտը չվերածվի հետագա հոգեբանական ծանր, հաճախ անբուժելի տրավմաների:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան