Ձերբակալվել է վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակություններ կատարած երեք անձ: Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձեռք բերված համաձայնության օրը Երևանի Կառավարության, Ազգային ժողովի շենքերում իրականացվել են զանգվածային անկարգություններ՝ ոչնչացնելով գույքը:
Վտանգվել է հասարակական անվտանգությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը: Բացի այդ, նույն օրը զանգվածային անկարգությունների մասնակիցները բռնություն են գործադրել ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ, սպառնացել կառավարության անդամներին և վարչապետին:
Ապա՝ կրկին նույն խումբը վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից ապօրինի հափշտակել են համակարգիչ և այլ իրեր, ինչպես նաև Աննա Հակոբյանի վարորդական իրավունքի վկայականը և Աշոտ Փաշինյանի զինգրքույկը: Այս ամենն իրականացրած երեք հոգին ԱԱԾ քննչական դեպարտամենտում ձերբակալվել են և խոստովանել իրենց արած հանցանքները: