ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 04․11. 2020 (օր 39-րդ)

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 04․11. 2020 (օր 39-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, 31-ի, նոյեմբերի 1-ի , 2-ի, 3-ի դեպքերի քրոնիկոնը:

Պատերազմը սպառնում է նաև Արցախի բնապահպանությանը

Տեսանյութ

Հակառակորդի ձախողված հարձակումը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ այսօր հարավում՝ Որոտան գետի երկայնքով, հակառակորդի մի վաշտ փորձել է հարձակվել՝ կորցնելով 2-3 միավոր զրահատեխնիկա, հետ է շպրտվել։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ մարտերում կիրառվում է օդուժ՝ ոչ մասշտաբային, հրետանի՝ ևս ոչ մեծ քանակով, բայց, նրա խոսքով, առանձին տեղերում, որտեղ  հարձակման փորձ է իրականացվում, կրակի խտությունը երբեմն բարձրանում է։

Հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն է խոցվել. ՊՆ խոսնակ

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն է խոցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն խոցվել է ժամը 21:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում»,- գրել է նա՝ հրապարակելով լուսանկարներ:

Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն:

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները կորուստներ են պատճառում հակառակորդին

Տեսանյութ։

Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում հակառակորդի ևս մեկ ԱԹՍ է խոցվել

Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ԱՀ ՄԻՊ-ը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները

Մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ  Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 38 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 144 մարդ, որից 123 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 104-ը արական, իսկ 19-ը իգական սեռի քաղաքացիներ են: Արցախի Հանրապետության 170 բնակավայրի հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13800 մասնավոր անշարժ գույք, 2100 մասնավոր շարժական գույք, 3100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: ԱՀ ՄԻՊ-ը նաև տեղեկապատկերներ է ներակայացրել։

Գեղարքունիքի մարզում ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ԱԹՍ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ԱԹՍ:

Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը

Տեսանյութ։

Գերեվարված երկրորդ սիրիացի վարձկանը. «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը

Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջի. գերեվարված երկրորդ սիրիացու պատմությունը գրեթե կրկնում է առաջինին: Յուսեֆը սիրիական Իդլիբի գյուղերից մեկից է, 32 տարեկան է:  «Իմ ընտանիքի անդամները՝ կինս, հայրս, դեմ էին, որ ես գնայի, եղբայրներս տեղյակ չեն եղել այդ մասին»,- պատմել է սիրիացին: Այնուհետև գործի է դրվել դասական դարձած սխեման՝ առաջարկությունն ընդունողներին հրահանգվել է նշված օրը լինել նշված վայրում՝ ամենակարևորը՝ չունենալով անձը հաստատող փաստաթուղթ: Յուսեֆին և իր խմբին սկզբում տեղափոխել են «Բաբ ալ Սալամ» անցակետ, այստեղ առաջարկն ընդունածներից ընդունել են առավել մրցունակներին, ձևավորել 500-հոգանոց խումբ: Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» պատրաստած ռեպորտաժում:

Թշնամին դարձյալ հրետակոծել է Ստեփանակերտը․ կա մեկ վիրավոր․ ԱԻՊԾ

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնել են, որ թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով` կա մեկ վիրավոր։

«Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։ Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ Քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով, կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ»,- նշված է հայտարարությունում։

Ադրբեջանական ագրեսիա. քաղաքացիական զոհերն ու կորուստները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 50 զոհ, 148 վիրավոր, տուժած շենք-շինությունների, գույքի թիվը 19 հազար է:

Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունն անվանում ենք «գյորբագյոր». Հովհաննիսյան

«Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանում ենք #գյոռբագյոռ2020:»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Շուշիի այսօրվա հրթիռակոծության հետևանքները

լուսանկարներ

Թշնամու դիվերսիոն խմբերին գտնելու նպատակով Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ են

 ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ՝ հայտնել են ՊԲ-ից՝ նշելով, որ այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:

Կասեցվել է Բերձորի ուղղությամբ հակառակորդի հարձակումը. ՊԲ

«Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը: Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր: Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը»,- ասված է ՊԲ հայտարարության մեջ:

Հակառակորդի կորուստները․ ինֆոգրաֆիկա

Վերջին տվյալներով՝ հակառակորդի կորուստները կազմել են 252 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ, 7155 զոհ:

Հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ. ՊՆ խոսնակ

Հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ՝ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Պատերազմի ընթացքում զոհվել է 46, վիրավորվել՝ 144 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ

«Երեկ Ստեփանակերտ քաղաքը հերթական անգամ թիրախավորվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել, որից մեկն արձանագրվել է ծննդատան տարածքում, մյուսը՝ կենտրոնական շուկային հարակից տարածքում: Սա նշանակում է, որ ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ թիրախավորում են քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները՝ ի հեճուկս միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ սկզբունքների և հոկտեմբերի 31-ին ձեռք բերված համաձայնության»,- նշել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ արձանագրելով՝ հարձակումների մի մասը կատարվել է արգելված կասետային զինատեսակով: Պատերազմի ընթացքում ընդհանուր առմամբ 46 քաղաքացիական անձ է զոհվել, 144-ը՝  վիրավորվել: Ավելի քան 13. 800 անշարժ մասնավոր գույք, ավելի քան 3100 ենթակառուցվածք, հանրային և արտադրական նշանակության օբյեկտ է վնասվել:

Հակառակորդը վերսկսել է խաղաղ բնակավայրերի հրետակոծումը, Շուշիի ուղղությամբ կիրառվել է ծանր հրետանի. ԱՀ ԱԻՊԾ

Կեսգիշերից հետո թշնամական կողմը, ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Այս մասին հայտնել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։ 

Թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն հետ է շպրտվել. ԱՀ ՊՆ

Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:
 

Բաքվի հանճարեղ ստերի շարքը. «Զինուժ մեդիայի» տեսանյութը

Խելքի բացակայությամբ առաջնորդվելը պաշտոնական Բաքվի համար աստիճանաբար դառնում է օրինաչափություն: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Զինուժ մեդիայի» տեսանյութը, որը վերնագրված է «Բաքվի հանճարեղ ստերի շարքը»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում