1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի դեպքերի քրոնիկոնը:
Թշնամական ուժերի ոչնչացումը
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել։
Հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը, կա մեկ վիրավոր. ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակն ըստ բժիշկների` բավարար է։ Կան նաև նյութական մեծ վնասներ։
Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով մարդկային կորուստներ չկան. ԱՀ ԱԻՊԾ
Տարբեր վայրերում փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք չեզոքացվում են․ ՊՆ ներկայացուցիչ
«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով։ Օրվա ընթացքում հրթիռակոծվել են տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ տարբեր բնակավայրերով և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով։ Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան»,- ժամը 22։00-ին մեկնարկած ճեպազրույցի ընթացքում ասել է Արծրուն Հովհաննիսյանը։ Օրվա ընթացքում հատկապես թեժ է եղել Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն-ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի և դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները։
«Մասնավորապես, գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրն իր հարակից անտառներով, որոշ բնակավայրերի հարակից անտառներում այդ աշխատանքները դեռ շարունակվում են»,- նշել է Հովհաննիսյանը։
Հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, գերեվարվել է ադրբեջանցի զինծառայող
Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը առգրավվել է: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որին այս պահին վիրահատում են հայ ռազմաբժիշկները»,- գրել է նա:
ՀՕՊ ստորաբաժանումները հակառակորդի ԱԹՍ են խոցել
Քիչ առաջ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ստեփանակերտը քիչ առաջ հրթիռակոծվեց, շատ շուտով պատասխան հարվածը կհասցվի․ ԱՀնախագահի խոսնակ
«Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց: Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»,-ասված է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի գրառման մեջ:
Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը
«Մարտունին ռմբակոծվում է: Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը»,- ասված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի էջում:
Թշնամական ուժերը Մարտակերտում ռազմական ավիացիա են կիրառել
Կեսօրին՝ ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև՝ Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից: «Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։ Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ:
Խոցվել են հակառակորդի ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ
Վերջին տվյալներով՝ խոցվել են հակառակորդի ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ՝ տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
«Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր»,- Ֆեյսբուքում ժամը 13։29-ին տեղեկացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ:
Թշնամու զինտեխնիկայի ոչնչացումը. ԱՀ ՊԲ
Արցախի պաշտպանության բանակի Ֆեյսբուքի էջում թշնամու զինտեխնիկայի ոչնչացման նոր տեսանյութ է հրապարակվել:
Մարտունու շրջանի մի շարք գյուղեր հրթիռակոծվել են «Սմերչով»
Տեղային նշանակության մարտեր՝ ճակատային գծի բոլոր ուղղություններում
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Այս մասին առավոտյան հայտնել են ԱՀ ՊԲ-ից: «Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին թիրախավորել Մարտունին: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը»,- գրված է հաղորդագրությունում:










