Արցախի սահմանին մարտերը շարունակվում են, Ադրբեջանն էլ շարունակում է իր մեդիադաշտը ողողել կեղծ լուրերով: Կեսօրին ադրբեջանական հասարակությունը տոնում էր Հադրութի ու Ջեբրայիլի գրավումը, այն դեպքում, երբ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն անձամբ էր շրջում Հադրութի փողոցներում: Արծրուն Հովհաննիսյանը, ամփոփելով պատերազմի 13-րդ օրը, արձանագրեց.
Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ) - Ավելի ծանր և համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: Հայկական զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդի հարձակողական նկրտումներին և անհրաժեշտ հակահարված տալով ետ շպրտել ելման դիրքերը:
Օրվա ընթացքում հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները: Ընդ որում՝ Շուշին երկրորդ անգամ, ըստ երևույթին, հարված է հասցվել բալիստիկ հրթիռներով կամ ինքնաթիռից: Հարցին, թե արդյոք Ղազանչեցոց եկեղեցու պատասխան հարված կլինի՞, թե՞ ոչ, Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ մեր բանակն այդպիսի վանդալիզմ չի անի, դա մեր ձեռագիրը չէ:
Արծրուն Հովհաննիսյան - Ըստ էության, եկեղեցու մեկ հատվածին ուղիղ, դիպուկ, կարելի է ասել՝ գերճշգրիտ հարված է հասցվել, ընդ որում՝ երկու անգամ, և դա չի կարող լինել պատահական հարված:
«Ալիևի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը: Ակտիվ քարոզչությամբ մեկ Մատաղիսն են գրավում, մեկ Հադրութն ու Ջեբրայիլը, այն դեպքում, երբ ճակատում հայ զինվորն ու կամավորը ոչնչացնում են հակառակորդի զինտեխնիկան ու կենդանի ուժը.
Արծրուն Հովհաննիսյան - Ռազմավարական առումով Ադրբեջանում կառավարման համակարգը խաթարված է՝ վերլուծելով վերջին իրադարձությունները: Կա՛մ միտումնավոր, կա՛մ հանգամանքներն են էնպիսին, որ շատ անհարմար բաները վերադասին չեն զեկուցում, այսինքն՝ անհաջողությունները վերև չեն բարձրանում: Հետևաբար, ինքը հայտնվել է էդ ծուղակում:
Ծուղակը ծուղակ, բայց պաշտպանության բանակի ստորաբաժանումները, ըստ Հովհաննիսյանի՝ կոտրել են լայնածաված հարձակողական գործողությունների ինտենսիվությունը: Նախահարձակ Ադրբեջանի մշակած օպերացիան մեր զինված ուժերը կասեցրել, տապալել են:
Արծրուն Հովհաննիսյան - Օպերացիայի երկու ուղղություններում՝ հյուսիսում և հարավում, ընդ որում՝ Ադրբեջանի ներուժը վերցնելով, դրան գումարած թուրքական բանակի հսկայական աջակցությունը՝ պլանավորման, հետախուզման, կառավարման, ավիացիոն, օդային հարձակման միջոցների և այլ հանգամանքներով եթե գումարենք, էդ հսկայական մեքենայի ինտենսիվ հարձակողական թափը մեր զինված ուժերը կոտրել են, ջախջախել են, հետ են շպրտել:
Ադրբեջանը տապալել է օպերացիան՝ 4-րդ բանակային կորպուսը, որն ադրբեջանական բանակի ամենաէլիտար ստորաբաժանումներից է, Տ-90 տանկերով չի իրագործել մարտական առաջադրանքը, մինչդեռ ադրբեջանական հասարակությանը հակառակն է իրազեկվում:
Արծրուն Հովհաննիսյան - Էդպիսի ուժեր կիրառող նման օպերացիայի առաջիկա խնդիրը միայն տասնյակ կիլոմետրեր են, հետագա խնդիրն արդեն՝ 3-4 տասնյակ կիլոմետր: Այսինքն՝ եթե դու էդքան ուժ ես կիրառում էդքան ֆիքսված ժամանակում, 3-4 օրվա ընթացքում պետք է հասնես 30-40 կմ խորության:
Հովհաննիսյանը նաև ասաց՝ պատերազմի թոհուբոհի մեջ երբեմն լինում են անճշտություններ: Երկու դեպք է եղել, երբ 19 և 16 հոգանոց խմբեր մնացել են թշնամու թիկունքում, սակայն գտնվել են, երբ մեր բանակը հետ է շպրտել թշնամուն: