Ղրղըզստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Կուրսան Ասանովը հայտարարել է, որ անցնում է ժողովրդի կողմը և չի սատարում որևէ քաղաքական ուժի՝ գրում է RIA Novosti-ն:
«Կան տարբեր լուրեր, վտանգը պահպանվում է: Դեռ ուշ չէ, որ 13 կուսակցությունների ղեկավարները միավորվեն: Ես չեմ հանդուրժի ապօրինություններ երկրում: Ես ոչ մեկին չեն սատարում և անցնում եմ հասարակ ժողովրդի կողմը: Անվտանգության խորհուրդ նույնպես չեմ գնա»,- ասել է Ասանովը:
Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ իր առաքելությունը ոչ թե նախարարի աթոռը զբաղեցնելն է, այլ համոզվելը, որ «ոստիկանների գլխից մազ չընկնի, փողոցներում արյուն չթափվի»:
Ըստ վերջին տեղեկությունների, բախումների արդյունքում վիրավորվել է ավելի քան 1,2 հազար մարդ, մեկը զոհվել է: Ղրղըզստանի վարչապետ Կուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Նախագահ Սորոնբայ Ժեենբեկովի մամուլի քարտուղարի խոսքով, նախագահը Բիշքեկում է և «վերահսկում է իրավիճակը»: Նա բազմիցս ընդդիմությանը երկխոսության կոչ է արել, բայց պաշտոնական բանակցություններ առայժմ չեն եղել: