Էմի Քոնի Բարեթին ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն անակնկալ չէր: Վետերան փաստաբանը, վերաքննիչ դատավորն ու յոթ երեխաների մայրը այդ պաշտոնի համար համառ պայքարողներից է՝ հայտնում է BBC-ն:
Բարեթը բարեպաշտ կաթոլիկ է, և նրա թեկնածությունը պաշտպանել են կրոնական պահպանողականները, որոնք հույս ունեն նրա նշանակումով չեղարկել 1973 թ. Գերագույն դատարանի որոշումը, որը թույլատրում է աբորտն ամբողջ երկրում:
48-ամյա Բարեթը կդառնա Թրամփի նշանակած երրորդ դատավորը՝ 2017-ին Նիլ Գորսաչից և 2018-ին Բրեթ Քավանոյից հետո:
Ըստ լուրերի, Թրամփը Բարեթին պահում էր Գերագույն դատարանում թափուր տեղի համար: Այդ առիթը ստեղծվեց դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգի մահից հետո: Ըստ դիտորդների՝ նոր նշանակումը Թրամփին հնարավորություն կտա դատական իշխանությունն էլ ավելի թեքել դեպի աջ նախագահական ընտրությանն ընդառաջ, որում չի բացառվում նրա պարտությունը: