Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում և ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, ընդլայնել հայտարարատուների շրջանակը: ԱԺ-ում «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց. «Նախագծերով մասնավորապես առաջարկում ենք հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն ՀՀ դրամը, ապա այդպիսի ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ, եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն ՀՀ դրամը: Որդեգրվել է նաև այն մոտեցումը, որ ցանկացած ծախսի տեսակ, որի մասով ծախսը կգերազանցի 2 մլն դրամը, անկախ սպառիչ թվարկված ծախսերի տեսակներից, ենթակա կլինի հայտարարագրման»: Նրա խոսքով՝ սպառիչ թվարկված ծախսերն են՝ հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության ծախսերը, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարները, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը, վարկի մարմանն ուղղված վճարումները և անշարժ գույքի վերանորոգման հետ կապված ծախսերը:
Առաջարկվում է նաև ներդնել մեխանիզմ, որի համաձայն հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ այն է գույքի էական փոփոխության կասկածի դեպքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի անձից պահանջել ներկայացնելու գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր:
Առաջարկվում է նաև նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 մլն դրամից հասցնելով 4 մլն դրամի կամ համարժեք արժույթի մակարդակ: Նախատեսվում է նաև ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ հայտարարագրման պարտականություն սահմանելով նաև համայնքների աշխատակազմերի քարտուղարների, 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է որոշակիորեն ընդլայնել բարեվարքության ստուգման գործընթացին առնչվող կարգավորումները, պրակտիկ խնդիրներից խուսափելու նպատակով սահմանել, թե ինչ է նշանակում քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը: