Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունը պարզել է՝ «Արարատցեմենտի» որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատելու սպառնալիքի տակ խորհրդարանի 2012 և 2017 թվականների ընտրությունների ժամանակ ձայներ են ապահովել «Բարգավաճ Հայաստանի» համար՝ տրամադրելով կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց տվյալներ: Բացի այդ՝ «Արարատցեմենտի» որոշ աշխատակիցներ Արարատի մարզի մի շարք բնակիչների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար կաշառք են տվել: Հարուցվել է նոր քրեական գործ: Գլխավոր դատախազությունը ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործն ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ավելի վաղ հարուցված գործին միացնելու և մեկ վարույթում նախաքննություն կատարելու նպատակով: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում է քննվում ԲՀԿ-ին վերաբերող քրեական գործը, որով մեղադրանքներ են առաջադրվել ԲՀԿ ղեկավարին և մի քանի այլ անձանց:
****
Մամուլի հրապարակումների հիմքով Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը: Տեղեկությունը հաստատեցին Ազգային անվտանգության ծառայությունից՝ զերծ մնալով մանրամասներից: Ըստ հրապարակումների, Զաքարյանն Անվտանգության ծառայություն է հրավիրվել Գառնու տարածքում իրեն պատկանող հողերի ձեռքբերման գործընթացի օրինականությունն ստուգելու նպատակով: Իրավապահ մարմինն առայժմ ձեռնպահ է մնում հաստատել կամ հերքել մեկ այլ տեղեկություն, ըստ որի՝ բերման են ենթարկվել նաև Զաքարյանի որդին, եղբայրը, ևս մեկ անձ:
****
Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ Գյումրու Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի պաշտոնյաները 2010 թ-ից շահադիտական դրդումներով 18 քաղաքացու հրամանագրել են տարբեր հաստիքներում: Աշխատանքի չհաճախելու պայմաններում ստացել են փող՝ համայնքային բյուջեից հափշտակելով 32 միլիոն դրամ: Իսկ Գյումրու Համալիր մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն ու հաշվապահը 2009-ից 6 անձի ձևական հրամանագրել են տարբեր հաստիքներում՝ համայնքային բյուջեից հափշտակել ավելի քան 10 միլիոն դրամ: Հարուցվել է երկու քրեական գործ: Քայլերն են ձեռնարկվում վնասը վերականգնելու ուղղությամբ: