Շվեյցարիան համաձայնել է Ուզբեկստանին վերադարձնել հանրապետության առաջին նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի՝ շվեյցարական բանկային հաշիվներում մնացած միջոցներից 131 միլիոն դոլարը: Այդ մասին գրում է «Ինտերֆաքսը»:
2015-ի օգոստոսին Քարիմովան մեղադրվեց շորթման և հարկերից խուսափելու համար, իսկ 2017-ի դեկտեմբերին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման մեկ այլ գործով: 2020 թվականի մարտին էլ Տաշքենդի քաղաքային քրեական դատարանը ավելացրեց Քարիմովայի ազատազրկման ժամկետը մինչև 13 տարի և չորս ամիս՝ դրամաշորթության և հափշտակությունների նոր քրեական գործով:
Քարիմովայի երկու քրեական գործերով պետությանը և քաղաքացիներին հասցված վնասը կազմում է 1,6 միլիարդ դոլար, 26,1 միլիոն եվրո: Ուզբեկստանի կառավարությունը զբաղվում է նրա ակտիվների վերադարձով, որոնք գնահատվում են 1.3 միլիարդ դոլար:
Ուզբեկական կողմը, սակայն, Քարիմովայի փողերը կստանա պայմանով, որ դրանք կուղղվեն միայն երկրի բնակչության կյանքի պայմանների բարելավմանը կամ կայուն զարգացման ծրագրերին: Տաշքենդը ստիպված կլինի թափանցիկ մոնիտորինգ սահմանել այս գումարի ծախսման հարցում: