ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը առցանց քաղաքավարական հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի հետ:
«Ես հատուկ վերաբերմունք ունեմ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հանդեպ, ինչը պայմանավորված է այն համագործակցությամբ, որ ունեցել ենք՝ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության և իրացման: Վստահ եմ, որ տիկին Մարիան Քլարկ-Հաթինգը, որը ստանձնում է հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը, շատ կարճ ժամանակում կդառնա մեր լավագույն գործընկերներից մեկը»,- ասել է նախարարը՝ հիմնադրամի նորանշանակ ղեկավարին ներկայացնելով համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը:
Նախարարը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում խնդիրներն առավել զգալի են դարձել համավարակի հետևանքով, և դրանց համակարգային լուծումը առաջնահերթություն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար:
«Մեզ համար շարունակում են առաջնահերթություն մնալ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերը, հաստատություններում ապրող մարդկանց ապաինստիտուցիոնալացումը՝ այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև՝ նպաստի համակարգի գաղափարական վերանայումը, և այս գործընթացներում մենք ակնկալելու ենք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությունը»,- ասել է նախարարը:
Մարիան Քլարկ-Հաթինգը բարձր է գնահատել ապաինստիտուցիոնալացման և երեխայի իրավունքների ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացը՝ միևնույն ժամանակ նշելով, որ անելիքներ դեռ շատ կան:
«Կարծում եմ՝ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացումը, որդեգրման կարգի բարելավումը, ինչպես նաև համայնքային ծառայությունների ընդլայնմանը և որակի բարելավմանն ուղղված ջանքերը պետք է շարունակական լինեն: Մենք ուրախ կլինենք աջակցել այս գործընթացում ևս՝ կիսելով Ձեզ հետ մեր կողմից իրականացված հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները: Երկու ամսից պատրաստ կլինի նաև մեր մասնակցությամբ իրականացվող հետազոտության արդյունքները, որն ուղղված է խոցելի ընտանիքների վրա համավարակի ազդեցության ուսումնասիրությանը: Կարծում եմ՝ սա օգտակար կլինի խոցելի խմբերին ուղղված պետական քաղաքականության և քայլերի մշակման համար»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:
Նախարար Բաթոյանը արդյունավետ աշխատանք է մաղթել տիկին Մարիան Քլարկ-Հաթինգին և հույս հայտնել, որ համավարակով պայմանավորված իրավիճակը չի խանգարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին վայելել Հայաստանի գեղեցկությունն ու հայերի ջերմ հյուրընկալությունը: