Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Ծովագյուղ համայնքում, որտեղ դիտարկել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը:
Համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 3 փողոց, 1 նրբանցք: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 97 միլիոն 327 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը:
Արդեն երկու շաբաթ է, ինչ հիմնանորոգման աշխատանքները սկսվել և ընթանում են թիվ 14, 16, 24 փողոցներում և 15-րդ փողոցի 2-րդ նրբանցքում: Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 914 գծամետր: Որոշ հատվածներում կառուցվում են մայթեր և 450 գծամետր երկարության հեղեղատար:
Սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում մեկնարկել և ընթանում են նաև խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավման աշխատաքները:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 134 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Ընդհանուր առմամբ, այս ծրագրով համայնքում կառուցվում է 10 կիլոմետր երկարության ջրատարի արտաքին ու ներքին ցանց, ջրավազանների հարակից տարածքում ցանկապատ է տեղադրվում, կատարվում է նաև ջրաչափիչ սարքերի տեղադրում:
Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Մարզպետն աշխատանքային այցն ավարտել է Ծովագյուղի բուժամբուլատորիայում՝ ծանոթանալով աշխատանքային առօրյային, համավարակի դեմ պայքարի միջոցառումների ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, ամբուլատորիայի տնօրինության և աշխատակիցների հետ քննարկել է ընթացիկ աշխատանքային հարցեր, տվել անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ: