Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն այսօր հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ, պատասխանել նրանց հարցերին:
Իր խոսքում Սամվել Բաբայանը նախ անդրադարձել է խոսակցություններին, թե Անվտանգության խորհուրդը Արցախում երկրորդ իշխանություն է: Նա վստահեցրել է, որ Անվտանգության խորհուրդը նախագահին կից մարմին է, կատարում է նախագահի կարգադրությունները: «Մենք այսօր այն վիճակում չենք, որ կարողանանք մեզ թույլ տալ նման բան, որ իրար հետ մրցավազքի մեջ մտնենք: Չեմ կարծում, որ տարածաշրջանում այսօր այն վիճակն է, որ կարողանանք ներսում խաղեր տալ»,- վստահեցրել է Սամվել Բաբայանը: Նրա խոսքով՝ Արցախի նախագահի հանձնարարությամբ մշակում են տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ ռազմավարական ծրագրեր:
Նա անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, մասնավորապես, ինքնորոշման խնդրի փաստաթղթավորմանը: «Մենք այսօր զբաղվում ենք, թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում մոտ 60 արխիվային փաստաթուղթ է պետք, որով հիմնավորենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն հասկացությունը պետք է 3 սկզբունքից դուրս գա: Դուրս գալու համար պետք է փաստաթուղթ ներկայացնենք, ոչ թե ասենք ձևական, որ դուրս գա: Նոր տարուց ձեզ համար պարզ է լինելու՝ ինչ ենք անում, ինչով ենք զբաղվում»,- ասել է նա: