Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ քառօրյա պատերազմի թեմայով Սերժ Սարգսյանի ասուլիսին: Ըստ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանն անիմաստ շտապել է՝ ասուլիս անելով ոչնչի մասին:
Սերժ Սարգսյանն ասուլիսի ժամանակ ասել էր՝ նախկին վարչապետը հայտարարելով, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով, վրիպել է: Անդրանիկ Քոչարյանն այս առնչությամբ հակադարձեց. «2016-18 թվակնաններին այդ վրիպումի մասին Սերժ Սարգսյանը չունե՞ր հնարավորություն Կարեն Կարապետյանին հարցներ՝ տղա ջան, խի՞ ես վրիպել. վարչապետը վրիպո՞ւմ է: Ես էլ նրան հարցնում եմ՝ վրիպելը քաղաքական նպատակ ունեցե՞լ է թե չէ, որովհետև դա, ըստ էության, շատ թանկ նստեց բանակի վրա»:
Քոչարյանի խոսքով՝ և՛ ինքը, և՛ հանձնաժողովի անդամներն ասել են, որ ապրիլյան գործողությունների սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի և ուտելիքի պակաս չեն ունեցել:
«Եկել է մի պահ, երբ որոշ դիրքերում կամ շատ դիրքերում կրակելու հնարվորությունները եղել են սահմանափակ: Ինչո՞ւ է այդպես եղել. հանձնաժողովի աշխատանքների արդյունքում մենք նաև տալու ենք բացատրություններ՝ ո՞ր դիրքերում ուշացան, ի՞նչ հետևանք ունեցան, բանակի կառավարելիության աստիճանն ինչպիսի՞ն էր: Ես վստահաբար կարող եմ ասել՝ շատ կարևոր հարցերի պատասխաններ գտնելու եք»,- վստահեցրեց Անդրանիկ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի ամփոփիչ զեկույցին, Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց. «Ակտիվ ամփոփիչ փուլում ենք, այս ամսում զեկույցը, որը շատ ծավալուն է, ներկայացվելու է ԱԺ նախագահին, որպեսզի հետագա ճակատագիրը, ըստ կանոնակարգ օրենքի, դրվի ընթացքի մեջ: Այն ունենալու է գաղտնի, հույժ գաղտնի, բաց տիրույթներ»: