ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց լուրերը, թե ներմուծման մաքսատուրքն ավելանում է 6 անգամ: Նա նշեց, որ այն ավելանալու է մոտ 1.5-2 անգամ:
Նշենք՝ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել կոշիկի և հագուստի ներմուծմամբ զբաղվող առևտրականները:
«Տնտեսվարողների հետ, որոնք հավաքվել էին Կառավարության մոտ, երեկ արդեն իսկ հանդիպել էինք Ուրբան մաքսային պահեստում: Զրույցի ընթացքում պարզվել է, որ տնտեսվարողների բարձրացրած հիմնական խնդիրը գնային քաղաքականությունն է»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Ներսիսյանը տեղեկացրեց, որ մաքսային մարմինները գների ուսումնասիրություն են իրականացնում՝ աշխատելով տնտեսվարողների հետ: Ուսումնասիրվում են տեղական, նաև այլ երկրների շուկաները, որտեղից ապրանքները ներմուծվում են:
«Երեկ մենք ևս առաջարկել էինք տնտեսվարողներին, որ եթե մաքսայինի հաշվարկած գների հետ համաձայն չեն, ներկայացնեն այն գները, որով իրականում Թուրքիայում ձեռք են բերում ապրանքները և աշխատանքային քննարկում իրականացնեն: Երեկ պայմանավորվել էինք, որ այսօր առավոտյան ժամը 10-ին Արարատյան մաքսատան պետի մոտ աշխատանքային հանդիպում ենք ունենալու, և իրենք գներն են ներկայացնելու, բայց օրվա ավարտին տեղեկացանք, որ տնտեսվարողները որոշել են աշխատանքային հանդիպման չմասնակցել, փոխարենը Կառավարության շենքի դիմաց ցույց են անելու»,- ասաց Ներսիսյանը:
Նա նշեց, որ այսօր տնտեսվարողներից մի քանիսը եղել են իր աշխատասենյակում, քննարկվել են բարձրացված հարցերը: ՊԵԿ-ից ներկայացվել է, թե մաքսային մարմինների հաշվարկով ապրանքների ներմուծման մոտավոր ինչ գներ են նախատեսում, և, Ներսիսյանի խոսքով, տնտեսվարողներն ընդունել են, որ այդ գները խելամտության սահմաններում են:
«Օրինակ՝ ջինսե տաբատը, ըստ մաքսային մարմինների հաշվարկի, Թուրքիայում գնվում է միջինը մոտ 7 դոլարով, և այսօր բոլոր ջինս ներմուծողները, որոնք իմ աշխատասենյակում էին, համաձայնեցին, որ հաշվարկն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ տնտեսվարողները, սակայն, հեռացել են՝ նշելով, որ իրենց բարձրացրած խնդիրը, կարծես, չի լուծվում: Ներսիսյանի խոսքով՝ նրանք ցանկանում են աշխատել այնպես, ինչպես աշխատել են նախկինում:
«Մենք ամբողջությամբ անցում ենք կատարում ճշգրիտ հայտարարագրման մեխանիզմի, որն ապահովելու է հավասարություն հագուստի շուկայի դաշտում»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը: