Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նրան ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Լիա Միլլերը:
Գայանե Մարկոսյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Լոռու մարզում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար և հույս հայտնել, որ այցելությունները և համագործակցությունը շարունակական կլինեն:
Դեսպանը, նույնպես շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ այցի նպատակը մարզում ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին ծանոթանալն է, ինչպես նաև այցելությունը Սանահին վանական համալիր: Բանն այն է, որ նախորդ տարի ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված մրցույթում Սանահինն ընդգրկվել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով իրականացվող մշակութային պահպանության ծրագրերում, որի շրջանակներում նախատեսվում է համալիրի որոշ հատվածներում իրականացնել վերականգնողական, ինչպես նաև տարածքում հայտնաբերված մշակութային արժեքների պահպանության աշխատանքներ:
«Մենք շատ ուրախ ենք, որ այս ծրագրից օգտվելու հնարավորություն է ստացել նաև Հայաստանը: Պատրաստ ենք մեր տեղացի գործընկերների հետ ձեռնամուխ լինելու Հայաստանի համար այս կարևոր աշխատանքների իրականացմանը»,- ասել է նա:
Փոխմարզպետն, իր հերթին շնորհակալություն հայտնելով, ընդգծել է, որ հատկապես Սանահինի և Հաղպատի վանական համալիրները մեծ կարևորություն ունեն մարզի համար և պատահական չէ, որ նրանք ընդգրկված են «Յունեսկոյի» հատուկ պահպանության հուշարձանների ցանկում, արժեքավոր են նաև զբոսաշրջային առումով:
«Մարզի մշակութային արժեքները մեր հատուկ ուշադրության կենտրոնում են, մեծ կարևորություն է տրվում հատկապես հարակից տարածքների մաքրությանը, ենթակառուցվածքների բարելավմանը և հաճելի է, որ նմանատիպ ծրագրերը նպաստում են մեր ընդհանուր նպատակի իրականացմանը»,- ասել է Գ. Մարկոսյանը՝ ընդգծելով, որ մարզպետարանը հնարավորության սահմաններում պատրաստ է աջակցելու աշխատանքներին:
Փոխմարզպետը նաև ներկայացրել է մարզի զարգացման առաջնահերթությունները: Հանդիպման ավարտին փոխմարզպետը դեսպանին հրավիրել է առաջիկայում ոչ պաշտոնական այցով լինել մարզում՝ Լոռու գրավչություններով հիանալու, ինչպես նաև մշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով: