Տաբատ կլինի, վերնաշապիկ, թե զգեստ, կապ չունի, ներկրվող ապրանքը մաքսազերծել հատով, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները չեն ցանկանում։ Այսօր առավոտից կառավարության դիմաց պահանջում էին՝ վերականգնել նախկինում գործող կարգը, որ Թուրքիայից կամ Չինաստանից ներկրած ապրանքը մաքսազերծվի ոչ թե հատով, այլ կգ-ով։ Վրդովված են՝ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությամբ մաքսատուրքը բարձրանում է մոտ 6 անգամ։
5000 դոլար կազմող ապրանքին 4000 դոլար մաքսազերծման գումար պետք է վճարվի՝ վրդովվեց տիկին Անժելան։ Կառավարության դիմաց հավաքված անհատ ձեռնարկատերերից բոլորն են զարմացած՝ նման բարձր գներ չէին կանխատեսում։ Պատվերներն առայժմ թողել են կարգոյում, չեն շտապում վերցնել, ասում են՝ գումար չունենք։
Ակցիայի մասնակիցները պնդում են՝ որևէ մեկն իրենց չէր զգուշացրել, որ փոփոխությունն ուժի մեջ է մտնելու հենց աշնան սկզբին։ Հիշեցնում են՝ նախ վիրուսի տարածման պատճառով մի քանի ամիս անաշխատանք մնացին, հիմա էլ մաքսատուրքերի փոփոխության հետևանքով գործազուրկ կդառնան։ Նոր կարգը ևս մեկ անհարմարություն է ստեղծել անհատ ձեռնարկատերերի համար, ստիպված են հաշիվ ապրանքագրի մեջ մանրամասն գրել, թե ինչ բաղադրություն ունի ներկրված վերանաշապիկը կամ տաբատը։ Հարկայինում որոշել են՝ ապրանքի որակն ուղիղ համեմատական է մաքսազերծման արժեքին։
Մոտ երկու ժամ կառավարության մոտ սպասեցին, մի քանի անգամ ոստիկաններից հարցուփորձ արեցին, բայց գործադիրից առևտրականներին ոչ ոք չմոտեցավ։ Ակցիան քայլերթով տեղափոխվեց Պետական եկամուտների կոմիտե։ Այստեղ արագ հայտնեցին՝ տեղյակ են խնդրից, քաղաքացիներին սպասում են Արարատյան մաքսատանը։ Վերջին կանգառն էլ հենց այդտեղ եղավ։ 5 հոգուց խումբ կազմեցին, փակ հանդիպման մտան ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի մոտ։
Քննարկումը տևեց 3 ժամից ավելի։ Քաղաքացիները դուրս եկան, հեռացան՝ ընդհանուր հայտարարի չեկած։ ՊԵԿ փոխնախագահն էլ հայտնեց` դեռ երեկ էր հանդիպել տնտեսվարողներին հետ, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք այսօր հնչել են կառավարության դիմաց, պայմանավորվել էին աշխատանքային հանդիպում ունենալ նաև այսօր, ապրանքի գների հետ կապված առաջարկներն ստանալ հենց ներմուծողներից։ Ներսիսյանն ասում է՝ սկզբում համաձայնել էին, բայց հետո` ուշ երեկոյան, որոշել՝ քննարկման չեն գալու, ակցիա են անելու։ Այսօր էլ թեման նույնն էր։
Կոմիտեի փոխնախագահն ասում է՝ իր աշխատասենյակում քաղաքացիները համաձայնել են ՊԵԿ-ի ներկայացրած հաշվարկների հետ, այն գները, թե որ ապրանքը Թուրքիայում ինչ արժե, ինչ գնով պետք է մաքսազերծվի։ Ներսիսյանը վստահեցրեց՝ փորձում են լուծում տալ բոլոր մտահոգություններին։ Պնդում է՝ մաքսատուրքի 6 անգամ ավելացում չկա, դրանք վերանայվել են։
Գների բարձրացում կլինի, բայց 1,5-2 անգամ՝ ոչ ավելի,- ասաց Ներսիսյանը։ Օրինակով ներկայացրեց՝ մեկ ջինսե տաբատի ինքնարժեքը հաշվարկվել է 3500 դրամ, դրա մաքսատուրքը 1200 դրամի կարգի է, բայց շուկայում 5000-ով որևէ մեկը ջինս չի գնում։ Պեկ փոխնախագահը պնդեց՝ բոլորը տեղեկացված են եղել հատով մաքսազերծման անցնելու կարգի մասին, իսկ նախկինում կգ մաքսազերծելն անցումային փուլի մաս էր։ Հարկային մարմնում ասում են՝ օրենքը մեկն է, դրանով աշխատել պարտավոր են բոլորը։ ՊԵԿ-ից դժգոհ հեռացած քաղաքացիները, սակայն, վաղն առավոտյան կրկին հավաքվում են կառավարության դիմաց։