Սեպտեմբերի 9-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ խստացված ռեժիմով լայնամասշտաբ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Շիրակի, Լոռու մարզերում, ինչպես նաև Երևանի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններում և Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպոտի գործունեության նկատմամբ։
Մասնավորապես, Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակում, Շիրակացի փողոցում, Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում և Քիմիական գործարանին հարակից տարածքների վերջնականգառներում, Երևանի Բաղրամյան պողոտայում, Կիևյան և Հալաբյան փողոցներում ՃՈ կողմից տեղակայված հենակետերում և շրջիկ կարգախմբերի հետ համատեղ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են մեկ տասնյակից ավել գերբեռնված ուղևորափոխադրման դեպքեր։ Նշված խախտումների հիմքով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
Իրականացված դիտարկման և վերահսկողության ընթացքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։
Իսկ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան որոշմամբ կասեցման գործընթաց է իրականացրել Գյումրի քաղաքում: 24 ժամով կասեցվել են գազալցակայանների և շինանյութի ու հագուստի մանրածախ առևտրի կետերի գործունեությունը: Նշված տնտեսավարողների մոտ ավելի վաղ տեղի ունեցած մշտադիտարկման արդյունքում տեսչական մարմինը արձանագրել էր թերություններ՝ կապված ջերմաչափման գրանցամատյանների և փակ աղբամանների հետ: Որոշ տնտեսավարողների գործունեության վայրերում աշխատակիցները սպասարկել են առանց դիմակների: