ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետն աշխատում է ուժեղացված վերահսկողական ռեժիմով։
Արտակարգ դրության սահմանափակումների մեղմացմամբ և նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ սահմանային այս անցակետով կտրուկ աճել է ուղևորահոսքը․ Հայաստան են վերադառնում ջավախահայ ուսանողներ, ՀՀ քաղաքացիներ Վրաստանից և Թուրքիայից, ինչի բերմամբ էլ վերահսկողական աշխատանքներն առավել ուժեղացվել են։ Դրանք պատշաճ և օպերատիվ իրականացնելու նպատակով հսկիչ կետը համալրվել է լրացուցիչ ուժերով․ տեսչական մարմնի մյուս՝ Գոգավան-Պրիվոլնոյեի և Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները հերթափոխով միանում են Բագրատաշենի հսկիչ կետի թիմին։
Վերջինս իրականացնում է, մասնավորապես, նաև ՀՀ տարածք մուտք գործող բեռնատարների վարորդների և դրանց ուղևորների ստուգում՝ հարցման, վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների արտաքին զննման, հեռահար ջերմաչափման միջոցով, ծանուցում է ինքնամեկուսացման պարտադիր պայմանի մասին՝ տրամադրելով ծանուցման թերթիկներ․ առանց վերջիններիս լրացման և ստորագրման որեւէ անձ երկիր մուտք գործել չի կարող։
ՀՀ ԱԱՏՄ սահմանային հսկիչ կետերում ՀՀ մուտք գործող անձանց տրամադրվում են նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:
ՍԲՀԿ-ներն ուժեղացված վերահսկողական ռեժիմի անցել են դեռ հունվարի 24-ից։