Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շուրջ 70,000 ԱՄՆ դոլար հանձնեց Դամասկոսում ՀՀ դեսպանությանը, որը կփոխանցվի Սիրիայի մեր հայրենակիցներին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ-տնտեսական իրավիճակակը մեղմացնելու նպատակով՝ տեղեկացնում են հիմնադրամից:
Նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար բաշխվել է. 30,000 ԱՄՆ դոլար՝ Սիրիայում հայկական կրթական հաստատությունների թվով 502 ուսուցչի, ինչպես նաև 42 սպասարկող անձնակազմին:
Միևնույն ժամանակ, ընդհանուր 40,000 դոլարի օժանդակություն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող մեր հայրենակիցներին։ Հավելենք, որ հանգանակված գումարները հատկացվել են «Covid-19 Հայաստան․ Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավից գոյացած ֆոնդից։
Հայապահպանման նվիրական իր առաքելությանը համահունչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մշտապես մեր հայրենակիցների կողքին է։