Վարչական դատարանը սեպտեմբերի 4-ի որոշմամբ վարույթ է ընդունել ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների դիմումը, որով վիճարկում են քաղաքացիների՝ դիմակ կրելու պարտադիր պահանջի վերաբերյալ ՀՀ պարետի որոշումը:
Միաժամանակ վարչական դատարանը մերժել է հայցվորների միջնորդությունը՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի գործողությունը` մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցնելու վերաբերյալ. այդ մասին 1lurer.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
«Դատարանը, քննարկելով միջնորդությունը, վերլուծելով դիմողների կողմից նշված փաստարկները, ընդգծում է, որ առկա չէ որևէ հիմնավոր փաստարկ, ըստ որի դատարանը կարող է գալ հետևության, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը չկասեցնելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմողի կամ հանրության համար, հետևաբար միջնորդությունը ենթակա է մերժման»,- նշված է դատարանի որոշման մեջ: