Գործարար համակարգը շարունակում է արձագանքել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հեռավար կրթության կազմակերպմանն աջակցելու ամիսներ առաջ արած կոչին։
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ և Լոռու մարզի լեռնային գոտիների աշակերտները IDBank-ի և Idram ընկերության «Մի դրամի ուժը» նախաձեռնությունից կստանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան 50 նոր համակարգիչ՝ հեռավար կրթությանն արդյունավետ մասնակցելու համար: Հունիսի 5-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Իդրամ հավելվածի, կայքի, IDBanking.am առցանց հարթակի, և Իդրամի տերմինալների միջոցով կատարված ցանկացած վճարման դիմաց ընկերություններն իրենց միջոցներից 1 դրամ փոխանցել են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Արդյունքում հավաքվել է 5 մլն 34 հազար 750 ՀՀ դրամ, որով սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար գնել են համակարգիչներ։ Այսօր բանկի ներկայացուցիչները համակարգիչների մի մասը հանձնել են ԿԳՄՍ նախարարությանը՝ սահմանամերձ գյուղերի աշակերտներին տրամադրելու նպատակով, ապա ուղևորվել Լոռու մարզ՝ դրանք անձամբ աշակերտներին փոխանցելու:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպատնտեսական վարչության պետ Արմեն Ավետիսյանը, ողջունելով նախաձեռնությունը, շնորհակալություն է հայտնել նախարարության կոչին արձագանքելու համար: «Այս նվիրաբերման միջոցով կընդլայնվի հեռավար կրթության հասանելիությունը, կբարձրանա արդյունավետությունը»,- ասել է Ա. Ավետիսյանը՝ հավելելով, որ բաշխումը կիրականացվի առաջիկա օրերին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանն ընդգծել է, որ հանրակրթության ոլորտում կատարած յուրաքանչյուր ներդրում ուղղված է ապագային: «Ցավոք, կան աշակերտներ, որոնք գտնվում են ռիսկային խմբում և սեպտեմբերի 15-ից դասերին պետք է մասնակցեն հեռավար, բայց դրա համար չունեն անհրաժեշտ սարքավորումներ: Այս նախաձեռնությունը հրաշալի միջոց է նրանց տրամադրությունը բարձրացնելու և որակյալ ու հարմարավետ համակարգիչներով դասերին մասնակցելու հնարավորություն տալու համար: Շնորհակալություն եմ հայտնում և՛ նախարարության անունից, և՛ որպես ուսուցիչ: Համավարակն անցնելու է, կյանքը՝ շարունակվելու, և հանրակրթության ոլորտում կատարված յուրաքանչյուր ներդրում մեծ արդյունքով վերադառնալու է՝ այդ թվում բանկային ոլորտ: Շատ հնարավոր է՝ այսօր դուք օգնում եք մի աշակերտի, որը հետագայում մեծ գործ է անելու Հայաստանի բանկային համակարգում»,- ասել է Ա. Թորոսյանը:
IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը, կարևորելով կրթության ոլորտի հետ համագործակցությունը, նշել է, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կատարած նվիրատվությամբ փորձում են նպաստել երեխաների կրթության շարունակականության ապահովմանը: «Մենք հնարավորություն ունեցանք համոզվելու, որ գուցե սիմվոլիկ թվացող 1 դրամներն իսկապես կարող են խնդիր լուծել։ Մեր հաջորդ ծրագիրը նույնքան ոգևորիչ է. հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի հրդեհ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդի հարակից այգում և մեծ վնաս էր հասցրել շրջակա միջավայրին, օգոստոսի 24-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամակահատվածում հավաքված մի դրամների գումարը կուղղվի հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում ծառատունկ իրականացնելուն»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը՝ հույս հայտնելով, որ սոցիալական գործընկերության շրջանակում ծրագրերը կշարունակվեն: