Գիշերը բողոքի ցույցերը վերսկսվել են ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաքում, որտեղ ավելի վաղ պարետային ժամ էր սահմանվել: Ցուցարարներին հանդարտեցնելու և ցրելու նպատակով ոստիկանական ուժերը կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Դրանից հետո շատ ցուցարարներ լքել են տարածքը և տեղափոխվել բենզալցակայան: Այնտեղ էլ մի քանի զինված անձինք բախվել են ապստամբների հետ՝ իրենց ունեցվածքը պաշտպանելու համար:
Կեսգիշերին հնչած կրակոցներից մի տղամարդ է սպանվել, ևս երկուսը վիրավորվել են՝ գրում է New York Times-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Բողոքի ալիքը Վիսկոնսինում սկսվեց, երբ ոստիկանությունն օգոստոսի 23-ին կրակել էր աֆրոամերիկացի 29-ամյա Ջեյքոբ Բլեյքի ուղղությամբ. վերջինիս վիճակը կայուն ծանր է: