Օգոստոսի 24-ին ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի գագաթին տեղացել է սեզոնի առաջին ձյունը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Վերջերս այդ շրջանում տեղացող հորդառատ անձրևները բիբլիական լեռան գագաթին թափվել են ձյան տեսքով: Գագաթը գրեթե ամբողջովին ճերմակել է։
Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա գտնվող Արարատը 4000 մետրից սկսած մինչև գագաթ պատվել է ձյունով։ Այդ նահանգում վերջին ժամանակներս նկատվում է ջերմաստիճանի անկում։
Թուրքիայում Արարատի գագաթի վրա տեղացող սեզոնի առաջին ձյունը կապում են ձմռան մոտալուտ գալստյան հետ՝ այն անվանելով «ձմռան ավետաբեր»:
Աղբյուրը նշում է` ձյունապատումից հետո բացվել է հրաշալի տեսարան դեպի լեռը։
Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165 մ և 3925 մ համապատասխանաբար։ Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»։
Նշենք, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անվանումը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են Աղրը դաղ: