Օգոստոսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Գարդաբանիի շրջանից ժամանած ազգությամբ ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է եղել:
«Սարում հունձ էինք անում՝ մոտ 30 հոգով, երբ մոտեցան Գարդաբանիից ժամանած հովիվները, որոնք ամեն տարվա նման ոչխարի հոտը բերել էին մեր սարերում արածեցնելու: Մենք պայմանավորվածություն ունեինք, որ արտերը հնձելուց հետո կարող են բերել հոտը: Երբ բարձրացան մեզ հետ խոսելու, մենք անհամաձայնություն ունեցանք, որից հետո նրանք իջան ներքև»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմում է Թորիայի բնակիչ Մերուժան Մալխասյանը:
Մերուժանի խոսքով՝ երբ հովիվները հետ են իջել, ոչխարը քշել են դեռ չհնձած դաշտի մեջ, ինչից հետո հունձ անող թորիացիները 3-4 երեխայի ուղարկել են, որ փոխանցեն՝ ոչխարը դուրս բերեն չհնձած արտից:
«Երեխաներին ծեծել էին, մեկի քիթը կոտրել: Մեծերը իջան պարզելու, թե ինչի են նման բան արել, ինչից հետո քաշքշուկ սկսվեց և վերածվեց ծեծկռտուքի, թեև շուտով ավարտվեց»,- պատմում է Թորիայի բնակիչը:
Նրա խոսքով՝ այդ ժամանակ թորիացիներին են մոտեցել տարածքում հսկող վրաց սահմանապահները, իրենք էլ պատմել են ողջ իրողությունը, և այդ պահին «մի 3-4 մեքենայով եկան գարդաբանցիները, դուրս եկան մեքենաներից փայտե ու երկաթե ձողերով ու սկսեցին խփել: Նրանք նաև վրաց սահմանապահներին էին խփում»:
«Քիչ անց եկան ոստիկանությունից, Թորիայի 5-6 բնակիչ կոտրվածքներ և տարբեր վնասվածքներ ունեին, այդ թվում նաև՝ երկու անչափահաս երեխա: Նրանց հիվանդանոց տեղափոխեցին, որից հետո էլ Թորիայի 3 բնակչի ոստիկանական բաժանմունք տեղափոխեցին»,- պատմում է Մերուժանը:
Նշենք՝ այսօր առավոտից Թորիայի բնակիչները հավաքվել են Նինոծմինդայի շրջանային ոստիկանության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել բերման ենթարկած թորիացիներին:
Ըստ նրանց՝ տղաները մեղավոր չեն, և ոչ մի տուգանք չպետք է սահմանվի նրանց համար:
ՆԳՆ-ի մամլո ծառայությունից jnews.ge-ին հայտնել են՝ այս պահին՝ երկու կողմից ընդհանուր առմամբ 11 ձերբակալված կա, կատարվում է հետաքննություն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասով, բ և գ ենթակետրով, ինչը ենթադրում է բռնություն: Ինչպես նաև ՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է խմբային բռնության կազմակերպում, ղեկավարում և այդ ամենին մասնակցություն: