ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին:
«Կհիշեք, երբ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը հոխորտացել էր Հայաստանի հասցեին, մեր նախկին իշխանությունները, չգիտես որ տրամաբանությամբ, դա գնահատել էին որպես ուժի դրսևորում, և մեր կողմից նույն մակարդակով նմանատիպ հայտարարությամբ չպատասխանելն էլ, համապատասխանաբար, գնահատում էին որպես թուլության դրսևորում: Բանը հասավ նրան, որ նախկին իշխող կուսակցության ղեկավարը պնդեց, որ «Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով»։
Այսօր արդեն Ադրբեջանի նախագահը մեղադրանքներ է տեղացել Մինսկի խմբի համանախագահողների հասցեին՝ ասելով, որ նրանք պատշաճ չեն իրականացնում իրենց միջնորդական առաքելությունը, ակնարկելով, որ կողմնապահ են և այլն։
Անհամբեր սպասում եմ մեր նախկին իշխանությունների՝ այս անգամ արդեն Մինսկի խմբի համանախագահողներին ուղղված փորձագիտական խորհրդատվական փաթեթին, ինչպես նաև՝ ստեղծված իրավիճակի շառաչուն և համապարփակ վերլուծությանը»,- գրել է Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում: