ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնական ծանուցում է ստացել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից, ըստ որի ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` վկայակոչելով դեմոկրատ-սենատոր Ռոբերտ Մենենդեսի հայտարարությունը:
«Կոնգրեսն ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հաղորդագրություն է ստացել: Դա տեղի է ունեցել համավարակի թեժ շրջանում: Սա չի պաշտպանի ամերիկացիների կյանքն ու շահերը՝ ամերիկացիները կմնան հիվանդ, իսկ Ամերիկան կմնա միայնակ: Ասել, թե Թրամփի պատասխանը կորոնավիրուսին քաոսային է և անպատասխանատու, նշանակում է` ոչինչ չասել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է խզել կապը ԱՀԿ-ի հետ` շեշտելով, որ կազմակերպությունը վերահսկվում է Չինաստանի կողմից: Նրա կարծիքով` ԱՀԿ-ն ոչ մի նորմալ քայլ չի կատարել համավարակի դեմ պայքարում: