Իսրայելի կառավարությունը առողջապահության նախարարության առաջարկությամբ հրահանգել է անհապաղ փակել ակումբները, բարերը, մշակութային և սպորտային օբյեկտները՝ գրում է Jerusalem Post-ը: Առողջապահության նախարարությունը առաջարկել է փակել նաև սինագոգները, սակայն, ՆԳ նախարար Արյե Դերիի առաջարկով, նրանք կշարունակեն ընդունել հավատացյալներին, բայց միաժամանակ 19 մարդուց ոչ ավելի:
«Համաճարակը տարածվում է, դա ակնհայտ է: Նրանց թիվը ամեն օր կտրուկ աճում է, ներառյալ ծանր հիվանդների թիվը: Այսօր ծանր վիճակում է մոտ 90 հիվանդ. նրանց թիվն ամեն օր կրկնապատկվում է»,- ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:- Եթե հիմա մենք գործողություններ չձեռնարկենք, առաջիկա շաբաթների ընթացքում կարող ենք հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր լուրջ հիվանդներ ունենալ»:
Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեյր Բեն-Շաբատն էլ իր հերթին ասել է, որ երկիրը մեկ քայլ է հեռու ամբողջական փակումից: Նա պարզաբանել է, որ եթե երկուշաբթի որոշում չկայացվի, մեկ շաբաթից ստիպված կքննարկեն լոքդաունի հարցը: