Աշխարհի տարբեր երկրներում ապրող ճանաչված արվեստագետները, անտեսելով
կորոնավիրուսի (Covid-19) տարածման պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակը, միավորվել են «Միասին երեխաների համար» խորագրով բարեգործական միջոցառման շուրջ՝ օգնելու քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին:
Հուլիսի 4-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին, Հանրային հեռուստաընկերությամբ և
«Togetherforchildren» YouTube-յան ալիքով հեռարձակվող համերգային երեկոյին միացել են Արա Մալիկյանը (Իսպանիա), Արա Գևորգյանը (Հայաստան), Հարութ Փամբուկչյանը (ԱՄՆ), Ռոզի Արմենը (Ֆրանսիա), Սիբիլը (Թուրքիա), Վահե Բերբերյանը (ԱՄՆ), Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա), Սեպուհ Սիմոնյանը (ԱՄՆ), Լենա Շամամյանը (Սիրիա), Սերուժ Քրաջյանը (Կանադա), Էլի Բերբերյանը (Կանադա), Կև Օրկիյանը (Անգլիա), Նյու Դոկտա/ New Docta խումբը (ԱՄՆ), Ալվարո Հակոբյանը
(Ուրուգվայ), «Գուսան» նվագախումբը (Արգենտինա):
Միջոցառման կազմակերպիչն արգենտինահայ հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Լեո Մոմջյանն է:
Համերգի միտքը ծագել է Լեո Մոմջյանի հեղինակային՝ «Ayres de Armenia»
ռադիոհաղորդման ընթացքում։ Հարցազրույցներից մեկի ժամանակ պոլսահայ երգչուհի Սիբիլին պատմել է, որ ցանկանում է աշխարհի հայ երաժիշտների մասնակցությամբ համերգ կազմակերպել: Սիբիլը խանդավառվել է գաղափարով և իր աջակցությունը հայտնել: Միաժամանակ առաջարկելով համերգը ծառայեցնել բարեգործական նպատակի:
«Միասին երեխաների համար» խորհրդանշական խորագիրը կրող միջոցառման հասույթն ուղղվելու է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, որի առաքելությունն է օգնել քաղցկեղ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ հիվանդությունը հաղթահարելու դժվարին ճանապարհին: