Գեղարքունիքի մարզպետարանից հաղորդում են, որ մարզի Խաչաղբյուր համայնքում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ոռոգման ջրատարի ներքին ցանց՝ շուրջ 2500 մետր երկարությամբ:
Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 116 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 26 միլիոն 681 հազար դրամը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 30 տոկոսը կամ 11 միլիոն 434 հազար դրամը՝ Խաչաղբյուրի համայնքապետարանը: Խաչաղբյուր համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ ոռոգման ջրատարը կառուցվելու է երկաթյա կիսախողովակներով, որը սպասարկելու է 6 թաղամասի շուրջ 200 տնտեսությունների:
«Համայնքի համար շատ կարևոր ծրագիր է իրականացվում: Բնակիչներին ոռոգման ջուրը հասնում է հողաշեն առուներով, որտեղ ջրի կորուստները շատ են: Ոռոգման նոր ցանցի կառուցումից հետո կունենանք միանգամայն կանոնավոր ու բարելավված ջրամատակարարում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում, իսկ եկող տարվա ոռոգման շրջանի մեկնարկից համայնքի բնակիչները կօգտվեն ջրամատակարարման նոր ցանցից»,- տեղեկացրել է համայնքի ղեկավարը: