Հունաստան ժամանած ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը վճռական է իր արտաքին սահմանները 3-րդ երկրներից պաշտպանելու հարցում։ Դա վերաբերում է ինչպես հունա-թուրքական սահմանի մոտ կուտակված փախստականների խնդրին, այնպես էլ Թուրքիայի կողմից Հունաստանի օդային ու ջրային սահմանների խախտումներին:
ԵՄ անդամ երկրները հայտարարել են կառույցի արտաքին սահմանները արդյունավետորեն պաշտպանելու իրենց պատրաստակամության մասին և նշել, որ Թուրքիան չպետք է փախստականներին օգտագործի իր քաղաքական նպատակներին հասնելու համար:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է Հունաստանի ինքնիշխանությանը։
Բորելը նշել է նաև, որ Հունաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև ԵՄ-ի համար ձեռնտու է հետևում թողնել առկա դժվարությունները, ինչին ի պատասխան Հունաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ բանակցություններին, բայց ո՛չ օրենքի խախտումների ու սպառնալիքների պայմաններում։