Հնդկաստանի վարչապետը հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը վիրավորված ու բարկացած է Հիմալայների սահմանային վիճահարույց շրջանում Չինաստանի զինուժի կողմից 20 հնդիկ զինվորականների սպանության փաստից: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Հնդկաստանի կառավարության ղեկավարը, սակայն, հավելել է, որ չինական կողմից իրենց երկիր ներխուժում չի եղել:
«Ոչ ոք մեր սահմանները չի խախտել, ոչ ոք չի գրավել մեր անցակետերը»,- հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Նախօրեին կառավարության ղեկավարը հանդիպել է Հնդկաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել են Չինաստանի հետ լարվածությունը թուլացնելուն միտված փոխզիջումային տարբերակներ:
Հիշեցնենք, որ միջուկային երկու տերությունների միջև այս շաբաթ բախումներ են եղել Հիմալայների սահմանային մի հատվածի պատկանելության պատճառով: Հակամարտության հետևանքով զոհվել են 20 հնդիկ զինվորականներ: Չինական կողմի կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: