Հունիսի 10-ին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին է ներկայացրել ԱՀ 2019 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և կառավարության անդամներ:
ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը շնորհավորել է նորանշանակ և վերանշանակված պետական նախարարին, կառավարության անդամներին ու պետեկամուտների կոմիտեի նախագահին բարձր և պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն երկրի զարգացման կարևորագույն գործում: Անցնելով օրակարգային հարցին՝ խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել նախորդ տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը:
Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները, նշել է, որ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 342,5 մլրդ դրամ՝ ապահովելով 10,3% տնտեսական աճ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,2%:
Վահրամ Բաղդասարյանն այնուհետև ներկայացրել է նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրված ցուցանիշները.
արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 165 մլրդ դրամ. 2018 թ. համեմատ աճը՝ 40,1%-ով.
շինարարության ծավալ՝ շուրջ 64,6 մլրդ դրամ՝ 23,1% աճ.
գյուղատնտեսական արտադրանքի ծավալ՝ 70,6 մլրդ դրամ. 2018 թ. 74,1մլրդ դրամի համամատ նվազել է շուրջ 4,7%-ով.
միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 175,522 հազ դրամ. 2018 թ. նկատմամբ աճը՝ 8,9%, նախորդ տարվա 161,181դրամի փոխարեն.
արտաքին առևտրաշրջանառության ծավալ՝ 656,1 մլն ԱՄՆ դոլար. 2018 թ. նկատմամբ 18,2% աճ.
ապրանքների ներմուծման ծավալ՝ 373,1 մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 5,7%.
արտահանման ծավալ՝ 283 մլն ԱՄՆ դոլար. աճը՝ 40,1%.
գնաճ՝ 0,7%:
2019 թ. պետական բյուջեով պլանավորված 59 մլրդ 700 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 60 մլրդ 135 մլն դրամ: Ծրագրված ցուցանիշը կատարվել է 100,7%-ով:
«ԱՀ 2019 թ. պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 111 մլրդ 818,7 մլն դրամ՝ ապահովելով պլանավորված ցուցանիշի 96%-ը: 2019 թ. պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման»,- նշել է ֆինանսների նախարարը:
2018 թ. բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները ներկայացնելուց հետո Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին: Իր ելույթում օրենսդիրների մտահոգություններին և առաջարկություններին է անդրադարձել նաև պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Բյուջեի կատարողականի վերաբերյալ մշտական հանձնաժողովներում ոլորտային քննարկումները կմեկնարկեն հունիսի 11-ից: