Ստամբուլի ու Իզմիրի դատախազություններում անցկացվող երկու առանձին հետաքննությունների շրջանակներում 1 օրվա ընթացքում 178 զինվորական է ձերբակալվել՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։ Երկու հետաքննություններն էլ կապված են ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած ու գլխավորած գյուլենական համայնքի գործունեության հետ։
Հաղորդվում է, որ ձերբակալության որոշում է կայացված ընդհանուր առմամբ 191 անձի նկատմամբ։
Տարբեր քաղաքներում իրականացված համաժամանակյա գործողությունների ընթացքում ձերբակալվածների մեջ պայմանագրային զինվորներից բացի կան լեյտենանտի, ավագ լեյտենանտի ու փոխգնդապետի կոչում ունեցող սպաներ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին են մեղադրում 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու համար։
Ըստ Թուրքիայի իշխանությունների` Գյուլենն այդ գործողությունը ծրագրել և իրականացրել է երկրի ուժային կառույցներում ու հատկապես զինված ուժերում ներդրված մարդկանց ու համակիրների միջոցով։ Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերի հազարավոր սպաներ ու զինվորներ ձերբակալվեցին, տասնյակ հազարավորներն էլ հեռացվեցին աշխատանքից։