Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով ավելի քան 86 միլիոն երեխա կհայտնվի աղքատության մեջ: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Մտահոգիչ եզրահանգումներ են արել Save the Children և ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությունները: Սա նշանակում է, որ ամբողջ աշխարհում աղքատության մեջ գտնվող երեխաների թիվը կհասնի 672 միլիոնի: Նման երեխաների 2/3-ը բնակվում է աֆրիկյան և հարավասիական երկրներում: Սակայն, Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ուսումնասիրությունների համաձայն՝ ճգնաժամի հետևանքով աղքատ երեխաների թիվը կավելանա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: