Վերջին շրջանում վրացական լրատվամիջոցներում պարբերաբար շրջանառվում են երկրի վարչապետ Գիորգի Գախարիայի հավանական հրաժարականի մասին լուրերը՝ գրում է Sputnik-Georgia-ն:
Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնին հավակնող հավանական մի քանի թեկնածուների մասին կանխատեսումներ են արվում: Որպես երկրի ապագա վարչապետ առավել հաճախ հնչում են Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի և պետանվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի անունները:
Սակայն, Տիկարաձեն հայտնել է, որ ոչինչ չի լսել կառավարությունում կադրային փոփոխությունների մասին:
Վարչապետի հավանական փոփոխության մասին լուրերի վերաբերյալ առավել կոշտ մեկնաբանություններ էլ են հնչել: Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը հայտնել է, որ դրանք քաղաքական շահարկումներ են, որոնց հետևում կանգնած են շահագրգիռ քաղաքական ուժեր: